Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օգոստոս ամսվա կլիմայական բնութագիրը

29.07.2015

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, հանրապետության տարածքում օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում` Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում օգոստոսին ջերմաստիճանը փոքր-ինչ բարձր է հուլիսյան ջերմաստիճանից: Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում 15... 16.7 C է, Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում և Սյունիքի հովիտներում` 25…26 C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է 41…43,7 C (43,7 C՝ 2011 թ. Մեղրի): Միջինը 25-26 օր ցերեկային ջերմաստիճանը լինում է 30 C-ից բարձր, նվազագույն ջերմաստիճանը չի իջնում 8…11 C ցածր, մինչև ամառվա վերջը պահպանվում է շոգ և չոր եղանակը: Փոքր-ինչ ցածր ջերմաստիճան է գրանցվում Տավուշում, Արագածոտնի նախալեռնային շրջաններում (միջինը` 18...21 C, առավելագույնը` 37...39 C ): Հարմարավետ պայմաններ են դիտվում Լոռիում, լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռներում (միջին ջերմաստիճանը` 15…18 C), իսկ օգոստոսի երկրորդ տասնօրյակում միջին օրական ջերմաստիճանը իջնում է մինչև 15 C, որը նշանակում է ամռան ավարտ և աշնան սկիզբ, այստեղ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 1941 թ. իջել է մինչև -2…-3 C:
Օդի հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում միջինը կազմում է 70-75%, այն բավական ցածր է Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում` 42-43%: Ինչպես և հուլիսին, կարող են դիտվել խորշակներ, որոնց հաճախականությունը ավելանում է` պայմանավորված խոնավության պակասորդի մեծացմամբ և քամու արագության ուժեղացմամբ:
Հանրապետության տարածքում օգոստոսին տեղումների քանակը միջինը կազմում է 34 մմ, այսինքն՝ տարեկան տեղումների 5%-ը: Տեղումները բաշխվում են շատ անհավասարաչափ: Առավելագույն քանակը դիտվում է Լոռիում, Տավուշում` 40-60 մմ, նվազագույնը` Արարատի, Արմավիրի մարզերում` 6-11 մմ:
Տարիների 20 տոկոսի ընթացքում Արարատյան դաշտում և Երևանում տեղումներ չեն դիտվել, բայց եղել են տարիներ, երբ այստեղ դրանց քանակը մի քանի անգամ գերազանցել է նորման: Տեղումներով օրերի թիվը ևս բավականին անհամաչափ է բաշխված. հանրապետության տարածքում` 7-11 օր, Արարատի, Արմավիրի մարզերում, Վայոց Ձորում` 1-4 օր:
Ամպրոպային գործունեությունը հանրապետության հյուսիսային կեսում հաճախակի է՝ միջինը՝ 7-10 օր, առավելագույնը` 15-21 օր, մնացած շրջաններում որոշակիորեն պակասում է, միջինը՝ 3-4 օր:
Կարկուտ դիտվում է ոչ ամեն տարի, առանձին տարիներ 4-5 օր կարող է դիտվել կարկուտ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:51:56