Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

24.07.2015


  Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 24-ին, աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Նախագահն այցն սկսեց Դիլիջան քաղաքից, որտեղ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում հանդիպում ունեցավ <<Լույս>> հիմնադրամի համայնքի ներկայացուցիչների` խորհրդի անդամների, կրթաթոշակառուների, շրջանավարտների, նոր ուսանողների, <<Գլոբալ ուսումնական լաբորատորիա>> դասընթացի մասնակիցների հետ: Դիլիջանից Նախագահն ուղևորվեց Բերդի տարածաշրջան: Բերդ քաղաքում երկրի ղեկավարը մասնակցեց նորակառույց հիվանդանոցի բացման արարողությանը, որի կառուցման ու արդիականացման աշխատանքներին ծանոթացել էր դեռևս անցյալ տարվա ապրիլի 5-ին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր կատարած այցի ժամանակ: Սերժ Սարգսյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, առողջապահության ոլորտի պատասխանատուների, Համաշխարհային բանկի և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ շրջեց նորակառույց հիվանդանոցում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին, հիվանդանոցի հագեցվածությանը, զրուցեց բուժանձնակազմի հետ: Բերդի բժշկական կենտրոնի երկհարկանի պոլիկլինիկական և մեկ հարկանի ինֆեկցիոն մասնաշենքերի վերակառուցման, ինչպես նաև կցակառույցի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Հայաստանի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակներում: Արդիականացման աշխատանքների շրջանակներում ամբողջովին փոխարինվել է երկու մասնաշենքերի տանիքների ծածկը, վերակառուցվել են միջնապատերը, տեղադրվել է նոր բժշկական վերելակ, փոխարինվել են դռները, ինչպես նաև ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները (տաք և սառը ջրամատակարարման, էլեկտրասնուցման ու ջեռուցման): Մոնտաժվել են նաև բժշկական գազերի (թթվածին, օդ, վակուում), օդափոխության, քույրական ազդականչի, հակահրդեհային ազդարարման համակարգերը, համակարգչային ու հեռախոսակապի ներքին ցանցերը: Բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաշենքին կից կառուցվել է նոր կաթսայատուն, և հիմնանորոգվել է էլեկտրամատակարարումն ապահովող ենթակայանը` մուտքային երկու անկախ գծերով: Իրականացվել են նաև կենտրոնի արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքներ, ներառյալ` ասֆալտապատում, արտաքին լուսավորության, եզրաքարերի և տարածքը եզրագծող ցանկապատի տեղադրում: Ծրագրի շրջանակներում Բերդի բժշկական կենտրոնը հագեցվել է նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Բերդի բժշկական կենտրոնի մասնագիտական ուղղվածությունը, որպես շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն մատուցող կենտրոն, տրամադրվել են նաև թոքերի արհեստական օդափոխության սարք, դեֆիբրիլյատոր: Մատակարարված սարքավորումներից որոշները առաջինն են մարզի պետական բուժհաստատություններում: Կենտրոնը հագեցվել է նաև բժշկական կահույքով և պարագաներով: Արդիականացված բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի Տավուշի մարզի և հատկապես Բերդի տարածաշրջանի բնակչությանը մատուցել որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ տեղում` իրենց բնակավայրերին մոտ: «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ վարկային ծրագրի շրջանակներում «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվել է 940.206,3 հազ. ՀՀ դրամի ներդրում:
  Նախագահի այցի հաջորդ կանգառը Վերին Կարմիրաղբյուր համայնքն էր, որտեղ նա մասնակցեց համայնքի մսուր-մանկապարտեզի բացման արարողությանը: Մանկապարտեզի շինարարական աշխատանքներն սկսվել են 2013 թվականի սեպտեմբերի 12-ից և ավարտվել 2015 թվականի մարտի 30-ին: Ծրագրի շինարարական ընդհանուր արժեքը կազմել է 119,8 մլն. դրամ, որից համայնքի ներդրումը` 5,8 մլն. դրամ, որը տրամադրել է ՀԲԸՄ կազմակերպությունը` Հովսեփ և Նադյա Սարաֆյանների մասնակցությամբ: Մանկապարտեզին հատկացվել է նաև 5,2 մլն. դրամի գույք` երկհարկանի մահճակալներ, մանկական սեղաններ, աթոռներ, զգեստապահարաններ, խաղալիքներ և այլն: Շենքի վերակառուցումից հետո 80 երեխայի համար նախատեսված նախակրթական հաստատություն հաճախող երեխաների թիվը 39-ից կհասնի 71-ի: Աշխատակազմի քանակը ևս կփոխվի: Մանկապարտեզը ներկայումս ունի 9 աշխատակից, առաջիկայում նախատեսվում է համալրում ևս 3 աշխատողով: Տեղեկացնենք, որ գյուղի մանկապարտեզի նախկին շենքը 1923 թվականին էր կառուցվել, փայտաշեն կառույց էր և գտնվում էր խիստ անմխիթար վիճակում: Իսկ նոր մանկապարտեզի երկհարկանի շենքն ապահովված է փոքրիկների առօրյան հետաքրքիր ու բովանդակալից կազմակերպելու բոլոր անհրաժեշտ պայմաններով: Երկհարկանի մասնաշենքում տեղակայված են երեխաների համար նախատեսված խմբային սենյակները, իսկ մեկ հարկանի մասնաշենքում` խոհանոցը, բուժկետը և վարչական սենյակները: Իրականացվել են մանկապարտեզի շենքի ներքին և արտաքին հարդարման, ջեռուցման համակարգի, ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրասնուցման, գազամատակարարման ներքին և արտաքին ցանցերի անցկացման, օդափոխության համակարգի տեղադրման և տարածքի բարեկարգման աշխատանքներ: Գունավոր ու պատկերազարդ նախակրթական հաստատությունն ունի նաև գեղեցիկ ու կահավորված խաղահրապարակ:
 Չորաթան համայնքում նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց <<Տավուշ տեքստիլ>> ընկերության ֆաբրիկայի արտադրամաս, ծանոթացավ գործարկման աշխատանքներին, ընկերության զարգացման հեռանկարներին: Սահմանփակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է ռուսաստանաբնակ գործարար Սուրեն Երիցյանի կողմից 2015 թվականի փետրվարի 16-ին: Երկու խարխուլ անասնագոմերի վերակառուցմամբ ստեղծված արտադրամասն ունի 2000 քմ ընդհանուր մակերես, հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Այստեղ նախատեսված է արտադրել տարբեր նշանակության ձեռնոցներ` գյուղատնտեսական, շինարարական, ցրտահարության դեմ և չքայքայվող: Արտադրության օրական ծավալը կազմում է 16 հազար զույգ ձեռնոց: Արտադրանքն արտահանվելու է Ռուսաստանի Դաշնություն և Բելառուսի Հանրապետություն: Ընկերությունը Չորաթանում արդեն ստեղծել է 50 աշխատատեղ 100 հազար դրամ միջին աշխատավարձով: Նախատեսվում է առաջիկա 5 տարիների ընթացքում ստեղծել ընդհանուր թվով 2000 աշխատատեղ և կատարել շուրջ 40 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում, ինչպես նաև ընկերության մասնաճյուղեր բացել Արծվաբերդ, Այգեձոր, Կողբ, Պառավաքար և Բերդ համայնքներում:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03