Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ծանոթացավ Նոյեմբերյանի տարածաշրջանի պտղատու այգիների մշակման, արտադրության ու իրացման աշխատանքների ընթացքին

16.07.2015

  Հուլիսի 15-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Այցի նպատակն էր ծանոթանալ Նոյեմբերյանի տարածաշրջանի պտղատու այգիների մշակման, արտադրության ու իրացման աշխատանքների ընթացքին: Նախարարը այցն սկսեց տարածաշրջանի համայնքների ղեկավարների ու այգեգործների հետ հանդիպումով, այնուհետև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ այցելեց Արճիսի նեկտարենու այգիներ, որոնք <<Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾՎԿ>> շրջանակներում հիմնվել են <<Հայկական միրգ>> ՍՊԸ-ի կողմից, ծանոթացավ իրականացվող աշխատանքներին: Ծրագրի շրջանակներում տարածաշրջանի Պտղավան, Արճիս և Դեբեդավան համայնքներում արդեն իսկ ստեղծվել են 24 հա նեկտարենու, կեռասի, ընկույզի, սալորի և դեղձի այգիներ: Պտղավանի 4,5 հա նեկտարինի և դեղձի այգիներում ոռոգումն իրականացվում է կաթիլային եղանակով: Ֆերմեր Սպարտակ Ղազարյանն իր խնամած այգիներից հեկտարից մինչև 5 տոննա բերք է ակնկալում: Պտղավանից նախարարը ուղևորվեց Բագրատաշեն, որտեղ գործում է «Վիվա ֆրուիտ» ՍՊԸ-ի չրի արտադրամասը և ծանոթացավ չրերի արտադրության գործընթացին: Արտադրամասում տարբեր մրգերի՝ դեղձի, սև սալորի, տանձի, ծիրանի չրեր են պատրաստում: Այս աշնանից արտադրամասը կզբաղվի նաև ձիթապտղի ընդունման և վերամշակման աշխատանքներով: Արտադրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն: Նախարարի այցի հաջորդ կանգառը Բագրատաշենն էր, որտեղ նա շրջեց 55 հեկտար տարածքով ձիթենու այգիներում, որոնք հիմնվել են դեռևս 1960-ական թվականների կեսերին ստեղծված այգիների հիմքի վրա: Ֆերմեր Տիգրան Բեջանյանի տեղեկացմամբ այստեղ մշակվում է 4 տեսակի ձիթապտուղ, այս տարի ակնկալում են 10-11 տոննա բերք, իսկ իրացումից և իրացման գնից գոհ են։ Այցի շրջանակում նախարարն այցելեց նաև Արճիս համայնքի ֆերմեր Արմենակ Գաբրիելյանի տնտեսություն: Ֆերմերը զբաղվում է դեղձի մշակությամբ, ունի շուրջ 7000 քմ այգի և այս տարվա բերքատվությունից գոհ է: Այգեգործների հետ զրույցի ժամանակ նախարարն ասաց, որ պտղաբուծության ոլորտում առաջընթացն ակնառու է, և տարին էլ լավ բերք է խոստանում՝միաժամանակ վստահեցնելով, որ բերքի իրացման խնդիրներ չեն լինի: Ոչ միայն դեղձի բարձր բերք է սպասվում, այլև խաղողը նախորդ տարվա համեմատ 20-25 տոկոսով ավել կլինի: Նաև նշեց, որ թեպետ մթերքի գները որոշում են արտադրողը և գնորդը, սակայն հետևելու են, որպեսզի դրանք լինեն խելամիտ: Մարզպետ Հովիկ Աբովյանը որպես ոլորտի առաջնահերթ լուծում պահանջող խնդիր կարևորեց հակակարտային կայանների ստեղծումը, որի ուղղությամբ գործնական քայլեր են արվել. ՀՀ կառավարության կողմից հատկացված գումարով Նոյեմբերյանի տարածաշրջանում առաջիկայում կսկսվեն հակակարկտային կայանների տեղադրման աշխատանքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57