Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը

09.07.2015

 Հուլիսի 8-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ նախարարն առաջինը եղավ Իջևանի հիվանդանոցում, որտեղ այցելեց այստեղ ստեղծված Հայկական ակնաբուժության նախագծի /ՀԱՆ/ ակնային տարածաշրջանային կենտրոն: Նախարարի հետ ակնային տարածաշրջանային կենտրոն այցելեցին նաև ՀԱՆ-ի ղեկավարությունը, ԱՄՆ-ից ակնաբուժության ոլորտի անվանի փորձագետներ, ՀԱՆ-ի բարերարներ, հյուրեր: Նախարարը ծանոթացավ <<Հայկ Ջ. Բոյաջյանի անվան ՀԱՆ-ի ակնային տարածաշրջանային կենտրոնի>> զննման ծառայությունում իրականացված աշխատանքներին: Ինչպես իր խոսքում նշեց նախարարը, ակնային զննումների սենյակը առաջիկայում կհամալրվի նորագույն տեխնոլոգիաներով զինված վիրահատարանով, որը կապահովի ակնային առողջության պահպանման ամբողջ գործընթացը: Կենտրոնը կգա փոխարինելու աչքի շարժական հիվանդանոցին, որը կօգնի կենտրոնին շարունակել անվճար սպասարկել սոցիալապես անապահով մարդկանց: Մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհակալություն հայտնեց Հայկական ակնաբուժության նախագծին, ծրագրին աջակցող կազմակերպություններին ու անհատներին՝ առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի համար՝ առանձնակի կարևորելով այն սահմանամերձ Տավուշի մարզի համար: Տեղեկացնենք, որ Հայկ Բոյաջյանի անվան Ակնաբուժության նախագծի կենտրոնը իրականություն է դարձել ՀԱՆ-ի, ՀՀ առողջապահության նախարարության, Տավուշի մարզպետարանի, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի, <<Օրանժ>> հիմնադրամի և Բոյաջյան ընտանիքի համատեղ ջանքերի արդյունքում: Վիրահատություններն այստեղ իրականացվելու են ՀԱՆ-ի և Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի կողմից վերապատրաստված փորձառու մասնագետի վերահսկողությամբ՝ Իջևանի կենտրոնից իրական ժամանակում տեսակապ հաստատելով Երևանի հետ: Իսկ հեռաբժշկության ինտերնետային կապն ապահովելու է <<Օրանժ>>-ը: Միջոցառման ավարտին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Իջևանի բժշկական կենտրոնի մի խումբ բուժաշխատողների առողջապահական համակարգում ունեցած բարեխիճ և անբասիր աշխատանքի համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բուժաշխատողի օրվա կապակցությամբ պատվոգրեր հանձնեց: Իջևանից առողջապահության նախարարը ուղևորվեց Նոյեմբերյանի տարածաշրջան, այցելեց Ոսկեվան և Բագրատաշեն համայնքների նորակառույց ամբուլատորիաներ, որոնք շահագործման են հանձնվել ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, ծանոթացավ բուժհիմնարկների տեխնիկական հագեցվածությանը, աշխատանքային պայմաններին: Գյուղական բժշկական այս հիմնարկությունները կառուցվել ու հիմնանորոգվել են <<Առողջապահական համակարգի արդիականացում>> ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման ընթացքում տնտեսված միջոցների հաշվին: Իսկ այդ միջոցները գյուղական համայնքների առողջության առաջնային պահպանման օղակի ենթակառուցվածքների արդիականացմանն են ուղղվել ՀՀ առողջապահության նախարարության և Համաշխարհային բանկի համատեղ որոշումով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18