Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են Համահայկական 6-րդ խաղերի անցկացման հետ կապված կազմակերպչական հարցեր

21.05.2015

Համահայկական ամառային 6-րդ խաղերը, որոնք անցկացվում են չորս տարին մեկ անգամ, համընկել են Մեծ եղեռնի 100–րդ տարելիցին և անցկացվում են Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-ից 13-ը: Ինչպես հաղորդում են Լոռու մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այսօր
կազմակերպչական հարցերի քննարկման նպատակով Վանաձոր են այցելել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, կոմիտեի անդամներ, ՀՀ սպորտի նախարարության ներկայացուցիչներ: Լոռու մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնկացել են նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, երկու մարզերից մի շարք համայնքների ղեկավարներ:
-Համահայկական 6-րդ ամառային խաղերն աննախադեպ կլինեն ոչ միայն մասնակիցների քանակով, այլև քաղաքների աշխարհագրությամբ: Խաղերը կանցկացվեն Երևանում, Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում և Արտաշատում, - իր խոսքում նշել է Իշխան Զաքարյանը:
Նրա տեղեկացմամբ, նախկին տասը մարզաձևին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, աթլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացել են ևս յոթը՝ լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Կոմիտեի նախագահը հայտնել է նաև, որ Ստեփանակերտում կանցկացվեն ֆուտբոլ և վոլեյբոլ մարզաձևերը, Գյումրիում, Աբովյանում` ֆուտբոլ, Վանաձորում` հանդբոլ, Արտաշատում` թեթև աթլետիկա մարզաձևերը: Հեծանվասպորտի վազքուղին ընտրվել է Երևան-Էջմիածին մայրուղին:
-Եթե նախորդ խաղերին մենք ունեինք մոտ 3200 մասնակից, ապա այս տարի շուրջ 5000 մարզիկ-մարզուհի,- ասել է Ի. Զաքարյանը:
Կոմիտեի նախագահը նշել է որ, համահայկական վեցերորդ խաղերի ջահի վառման պաշտոնական արարողությունը լինելու է հատուկ տոնակատարություն: Ջահը կանցնի հայաշատ մի շարք քաղաքներով: Քանի որ խաղերը անցկացվում են Ցեղասպանության 100–րդ տարելիցի տարում, ջահի վառման արարողությունը կրելու է խորհրդանշական բնույթ:

Տեղեկատվության աղբյուրը՝ lori.gov.am
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03