Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդարանական լսումներ՝ նվիրված համայնքների խոշորացման ծրագրին

04.05.2015

 

Մայիսի 4-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ` նվիրված համայնքների խոշորացման ծրագրին: Լսումները վարում էր ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը: Լսումներին մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ԱԺ պատգամավորներ, Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզպետներ՝  Հովիկ Աբովյանն, Սուրիկ Խաչատրյանն ու Արթուր Նալբանդյանը, խոշորացվող համայնքների ղեկավարներ և այլ շահառու կողմեր:

Բացման խոսքում Ս. Մարգարյանը նշեց, որ 1995 թ. սահմանադրական փոփոխություններից հետո հանրապետությունում ձևավորվեց արդյունավետ կառավարման համակարգ, մինչդեռ ՏԻՄ համակարգում լուրջ բարեփոխումների կարիք է նկատվում: Ս. Մարգարյանը միջազգային փորձից բերեց Լատվիայի օրինակը, որտեղ երկար ձգձգումներից հետո ի վերջո քաղաքական որոշումով գործարկվեց ծրագիրը և ցայսօր կրում է շարունակական բնույթ:

-Մեր ազգաբնակչության շրջանում նկատվում է իրազեկման որոշակի խնդիր: Մարդիկ միանշանակ կարծիք չունեն այս հարցի վերաբերյալ, նրանց ավելի շատ հետաքրքրում է` ինչ կտա խոշորացումը գյուղացուն, – ընդգծեց Ս. Մարգարյանը:

Իր ելույթում ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վ.Տերտերյանը նշեց, որ թե մամուլում, թե առանձին անձանց կողմից շահարկումներ են կատարվում, թե ում խորհրդով, և ինչու է այժմ գործարկվում համայնքների խոշորացման ծրագիրը և ընդգծեց, որ նախագծի մասին խոսվում է դեռ 1996 թ., և այն ամենևին էլ նորություն չէ:

- 2008 թ. կառավարությունը հաստատել է նման ծրագիր: Ձևավորվել են տարբեր հանձնաժողովներ, հարցը քննարկվել է տարբեր կուսակցական հարթակներից, այս մասին բարձրաձայնել են նույնիսկ միջազգային որոշ կազմակերպություններ - հավելեց Վ. Տերտերյանը: ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալն անդրադարձավ նաև տարածված այն շահարկումներին, թե իբր համայնքների խոշորացումը խնայողությունների նպատակ է հետապնդում, կարող են առաջանալ տեղեկանքների տրամադրման բարդություններ և այլն:

- Որևէ խնայողության մասին խոսք չկա. փնջերում վերաբաշխման հնարավորթյուններ են դիտարկվում: Կեղծ են նաև աշխատատեղերի կրճատման վերաբերյալ շահարկումները, գյուղապետի հաստիքը չի կրճատվելու, ընդհակառակը, քսան տոկոսով կբարձրացվի բնակավայրի ղեկավարի աշխատավարձը, իսկ փաստաթղթերի տրամադրման լիազորությունները կփոխանցվեն տվյալ բնակավայրի ղեկավարին – ընդգծեց Վ. Տերտերյանը: ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալը հավելեց նաև, որ խոշորացման հարցում առկա է միջազգային կազմակերպությունների օժանկադությունը, և բավական լուրջ ներդրումային փաթեթներ են նախատեսվում խոշորացվող համայնքներում:

ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ինչու է փորձարկվում միայն համայնքների խոշորացման ծրագրի փնջային մոդելը, և ոչ մի մարզում չի գործարկվում շրջանային մոդելը, որպեսզի համեմատությամբ որոշվի՝ որն է դրանցից ավելի արդյունավետ: Վ. Տերտերյանը պատասխանեց, որ փնջային մոդելն իր մեջ պարունակում է շրջանային բաժանման մոդելի տրամաբանությունը, և փնջային մոդելն ամենևին չի բացառում մյուսին:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հետաքրքրվեց, թե ինչու է ավելի շատ խոսվում ծրագրի դրական կողմերի մասին և ավելի առարկայական չեն նշվում դրա ռիսկերը: Վ. Տերտերյանը, անդրադառնալով հարցին, նշեց, որ բազմիցս խոսվել է նաև ծրագրի հնարավոր բացթողումների և ռիսկերի մասին:

- Առաջին ռիսկը տեղական կառավարման համակարգի հեռացումն է բնակչից, սակայն բնակավայրերը, ինչպես նշեցի, կունենան իրենց ղեկավարները, իսկ համակարգը կլինի «կվազի» տեղական կառավարում: Երկրորդ թվացյալ ռիսկն այն է, որ խոշորացված համայնքի կենտրոնը կլինի դոմինանտ, և միջոցների արդար բաշխում չի լինի: Ես վստահեցնում եմ, որ կլինի ճիշտ հակառակը. կենտրոնում ձևավորված ղեկավարությունն ուշադրությունը սևեռելու է ծայրամասերին, որտեղ որ խնդիրներն ավելի շատ են: Երրորդ դիտարկվող ռիսկը վերաբերում է բնակավայրերի անվանումներին և ավանդույթներին, որոնք ևս որևէ փոփոխության չեն ենթարկվի, – ընդգծեց Վ. Տերտերյանը:

Իր խոսքում Վ. Տերտերյանը նշեց նաև, որ ծրագրի իրազեկման համար կատարվել է բավական մեծ աշխատանք: Նրա խոսքով՝ նախարարության դռները միշտ բաց են եղել բոլորի համար, իսկ աշխատակազմը միշտ հասանելի՝ ցանկացած հարցի սպառիչ պատասխան տալու համար:

- Նախարար Արմեն Երիցյանն անձամբ այցելել է խոշորացվող երեք փնջերի բոլոր 22 համայնքներ և իրազեկել, զրուցել ու խորհրդակցել բնակչության հետ: Նախարարի այցից հետո տվյալ համայնքներ են մեկնել նաև ոլորտի տարբեր մասնագետներ ու փորձագետներ, - եզրափակեց Վ. Տերտերյանը:

 

ՀՀ ՏԿԱԻՆ հասարակայնության հետ կապերի բաժին

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27