Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պատմական օր Զորականում

04.05.2015

Տավուշի մարզի Զորական համայնքում մայիսի 3-ին օրը տոնական էր: Հավաքվել էին բազմաթիվ հյուրեր, ինչպես Հայաստանի տարբեր համայնքներից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից՝ հանդիսավորությամբ բացելու մարշալներ Հովհաննես Բաղրամյանի և Համազասպ Բաբաջանյանի հուշարձանները: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Զորականի այժմյան բնակիչները 90-ականներին այստեղ տեղափոխված նախկին չարդախլվեցիներն են, որտեղից էլ սերվել են երկու մարշալները: Զորականում մեծ զորավարների կիսանդրիները տեղադրելու մտահղացման հեղինակներն ու իրականցնողները նույնպես Չարդախլու գյուղում ծնված, մեծացած, այժմ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներն են. Արամ Գասպարյանը, Կամո Ավագյանը, Շահեն Քոչարյանն ու Գեորգի Օսիպյանը: Մեծ զորավարներին նվիրված միջոցառումը զինվորական կարգուկանոնով էր և զինվորական նվագախմբի խրոխտ հնչյունների ներքո: Տոնախմբության հետ միասին նաև հիշատակի ու ոգեկոչման օր էր Զորականում, քանի որ նույն հրապարակում և նույն մարդկանց նախաձեռնությամբ տեղադրվել էին նաև Եղեռնի, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող 3 խաչքարեր: Կատարվեց խաչքարերի օծման արարողություն Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ սրբազանի ձեռամբ, ապա տեղի ունեցավ հանդիսավոր միտինգ նվիրված Հովհաննես Բաղրամյանի և Համազասպ Բաբաջանյանի կիսանդրիների բացմանը: Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Նա կարևորեց սերունդների համար Զորականում նման հուշահամալիրի առկայությունը, շնորհակալություն հայտնեց բարերարերին նախաձեռնության իրականացման համար, նշեց ,որ սրանով նրանք նաև նոր էջ են բացում իրենց գյուղի պատմության մեջ: Միջոցառմանը ողջույնի խոսք ասաց Ռոստովի մարզի մշակույթի նախարարի տեղակալ Տիմոֆեյ Սուբոտինը, ով Ռոստովի նահանգապետի անունից հայ ժողովրդին շնորհակալություն փոխանցեց Հայրենական Մեծ պատերազմում անձնվեր մասնակցության համար: Օրվա առիթով հայ ժողովրդին ուղերձ էր հղել Սովետական Միության մարշալ Դմիտրի Յազովը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեդալներով պարգևատրեց բարերարներին, Զորականի մի շարք բնակիչների, Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ՝ նաև վետերաններին: Նախարարը նշեց, որ այս միջոցառումը նույնպես 2015 թվականի միջոցառումների տրամաբանական շրջանակում է և ընդգծեց, որ սա հավերժացնում է մեր հերոսների հիշատակը, նաև պարտավորեցնում այժմյան սերունդներին՝ տոգորելով նրանց այն քաջարի արարքներով, որոնք գործել են մեր հերոս հայրենակիցները: Զորականում օրն ավարտվեց մշակութային ուրախ միջոցառումով և տոնական սեղաններով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18