Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հերթական աշխատանքային այցը մարզի համայնքներ

01.05.2015

Ապրիլի 30-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հերթական այցելությունը կատարեց մարզի համայնքներ՝ այս անգամ հանդիպում ունենալով Աղավնավանքի, Խաչարձանի և Գոշի բնակիչների հետ: Սրանք այն գյուղերից են, որոնք ընդգրկված են համայնքների խոշորացման փորձնական  ծրագրի մեջ: Այս համայնքների բնակիչները նույնպես մայիսի 17-ին կայանալիք տեղական հանրաքվեի ժամանակ պետք է որոշեն, ցանկանու՞մ են միավորվել տարածշրջանի 6 գյուղական և 1 քաղաքային համայնքների հետ և դառնալ մեկ համայնք, թե՞ ոչ: Մարզպետը հանդիպելով բնակիչների հետ, տեղեկացնում էր նրանց, որ սա մեկ օրում կայացրած որոշում չէ, այլ բավականին երկար ժամանակահատվածում զարգացած երկրների փորձի ուսումնասիրության արդյունք: Եվ այդ փորձը ցույց է տալիս, որ խոշորացված համայնք կառավարելն ավելի հեշտ է ու արդյունավետ: Բացի այն, որ ծրագիրն այս համայնքներին համաչափ զարգացման հնարավորություն կտա, նաև միջազգային մեծ ներդրումներ կլինեն, որոնց միջոցով ակնկալվում է ստեղծել և աշխատատեղեր, և զարգացնել ենթակառուցվածքները: Մարզպետը բոլոր համայնքներում ընդգծում էր, որ սա ծրագիր է, որ առաջարկվում է Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքների բնակիչներին: Այն արդյունավետ կիրականացվի, եթե բնակիչները տան իրենց համաձայնությունը և միասին մասնակցեն ծրագրով նախատեսվող բոլոր զարգացման միջոցառումներին:
Բացի համայքների խոշորացման հարցի քննարկումից, հանդիպումների ժամանակ մարզպետ Հովիկ Աբովյանը բնակիչների հետ բազմաթիվ այլ խնդիրներ քննարկեց: Մասնավորապես բարձրացվեցին խմելու ջրի մատակարարման բարելավման, ճանապարհների հիմնանորոգման, գյուղտնտեսական տեխնիկա ձեռք բերելու հետ կապված հարցեր: Մարզպետը հավաստիացրեց, որ բարձրացված խնդիրները կլինեն ուշադրության կենտրոնում և առաջիկա տարիներին աստիճանաբար լուծում կստանան: Իսկ Խաչարձանի և Գոշի երեխաների ցանկությունը՝ ունենալ ֆուտբոլի գնդակներ ու թենիսի դաշտ, իրականություն կդառնա շատ շուտով: Մարզպետը խոստացավ, որ հենց առաջիկա օրերին նրանք իր կողմից կստանան այդ նվերները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59