Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դոնորները գնահատում են ներառական կրթության ներդրման ծրագրի արդյունքները

16.04.2015

,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության Իջևանի տարածքային կենտրոնում նախօրեին տեղի ունեցավ հանդիպում Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ: Նորվեգիայի կառավարությունն է, որ ֆինանսավորել է Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում ներառական կրթության ներդրման ծրագիրը: Եվ դոնոր կազմակերպության կողմից այս այցի նպատակն էր գնահատել իրականացված ծրագրի արդյունքները, որոնք, իհարկե, կարող են դառնալ նաև երաշխիք ծրագրի շարունակության համար: ,,Հույսի կամուրջ,, ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը ներկայացրեց այն ընթացքը, որ անցել է ծրագիրն այս տարիներին, մեկնարկից մինչև այսօր իրականացված աշխատանքներն ու ստացված արդյունքները: Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը նշեց, որ Տավուշի մարզում շատ արդյունավետ է գործում ,,Ապրել միասին, սովորել միասին,, կարգախոսը: Այն բանից հետո, երբ մարզի դպրոցներն ընդգրկվեցին ներառական կրթության ծրագրում, չկա որևէ երեխա, որ սովորելիս լինի առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների համար մասնագիտացված դպրոցներում: Նրանք բոլորը սովորում են հանրակրթական դպրոցներում իրենց հասակակիցների հետ: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը նշեց, որ անհրաժեշտություն կա շարունակել ծրագիրը, որպեսզի բոլոր մանկավարժները կարողանան վերապատրաստվել ներառական կրթության ոլորտում, և առաջին ծրագրով չընդգրկված դպրոցները նույնպես լիովին ընդգրկվեն գործընթացի մեջ:
Հանդիպման ընթացքում հարց բարձրացվեց, որ ունենալով Տավուշի մարզի հաջողված օրինակը, անհրաժեշտ է այդ մոդելը տարածել հանրապետությունում, և առաջինը պետք է սկսել մայրաքաղաքի դպրոցներից, քանի որ այնտեղ առավել մեծ թվով դպրոցներն են գործում և շահառուների թիվը նույնպես ամենամեծն է : Հանդիպմանը իրենց տեսակետները հայտնեցին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության, ,,Առաքելություն արևելք,, կազմակերպության ներկայացուցիչներ Անահիտ Մուրադյանը, Րաֆֆի Դուդակլյանը, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, ներառական կրթության համակարգի հնարավորություններից օգտված, այժմ արդեն ուսանողներ Միքայել Սիմոնյանը, Սյուզաննա և Ռուզաննա Աղաբաբյանները, Մարիամ Եսայանը: Հանդիպման ավարտին ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի երեխայի զարգացման կենտրոնի սաները հյուրերին նվիրեցին իրենց ձեռքով պատրաստած հուշանվերներ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03