Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի այցը մարզի սահմանամերձ համայնքներ

10.04.2015

Ապրիլի 9-ին շարունակելով իր աշխատանքային այցը Տավուշի մարզ՝ ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելել է մարզի սահմանամերձ համայնքներ: Նախարարը եղել է Չինարի, Մովսես, Վերին Կարմիրաղբյուր, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերում:
Հանդիպելով սահմանամերձ համայնքների բնակչության, ղեկավար անձնակազմի և նշված համայնքների պաշպտանությունն ապահովող զորամասերի անձնակազմերի հետ՝ նախարար Երիցյանը տեղում անձամբ ծանոթացել է համայնքի քաղաքացիական պաշտպանության հարցերին: Շեշտելով բնակչության պաշտպանության հարցում հայոց բանակի առաջնային դերը՝ նախարարը նշել է, որ ՏԿԱԻ նախարարության անձնակազմը նույնպես պատրաստ է և միջոցներ չի խնայելու բնակչության պաշտպանության ոլորտում ներդրում ունենալու հարցում:
Սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նոր աշխատատեղերի ստեղծման, առողջապահության և աղբահանության հետ կապված հարցեր: Վ.Կ. Աղբյուր գյուղի բնակիչները բարձրացրել են խաղողի այրված այգիների հարցը: Արմեն Երիցյանը Տավուշի մարզպետարանի աշխատակիցներին հանձնարարել է ուսումնասիրել բարձրաձայնված բոլոր խնդիրները և հնարավոր լուծումների մասին զեկուցել անձամբ իրեն::
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այգինյանը տեղեկացրել է, որ բնակչության պաշտպանության տեսանկյունից գյուղի առաջնային խնդիրներից է բազմաբնակարան շենքերի բնակիչների համար ապաստարանների կաոուցումը: «Ցանկանում եմ համայնքի բնակիչների անունից շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Պետական միջոցներով վերանորոգվել և հակահրդեհային ներկանյութով են պատվել գյուղի մանկապարտեզի և դպրոցի տանիքները», - նշել է գյուղապետը:
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը նախարար Արմեն Երիցյանին հայտնել է, որ համայնքը գյուղտեխնիկայի և ոռոգման ջրի համակարգի բարելավման կարիք ունի: «Չնայած սահմանամերձ գոտում գտնվելու հանգամանքին՝ վերջին քսանհինգ տարվա ընթացքում գյուղից արտագաղթ գրեթե չի եղել: Թշնամու գնդակոծություններից չերկյուղելով` գյուղացին տքնաջան աշխատում է, սակայն ունի ոռոգման ջրի և գյուղտեխնիկայի պակաս: Պաշտոնատար անձանց հաճախակի այցերը մեծ ոգևորություն են առաջացնում բնակչության շրջանում և բարձրացնում նրանց մարտական ոգին, քանի որ գյուղն իսկապես ունի ուշադության կարիք: Ուստի շնորհակալ ենք Ձեզ, մեր համայնք այցելելու և բնակիչների հոգսերին անձամբ ծանոթանալու համար», - նշել է Մ. Կամենդատյանը: Գյուղապետը շեշտել է նաև համայնքի դպրոցի շուրջ պաշտպանիչ պարսպի կառուցման անհրաժեշտությունը:
Ծանոթանալով գյուղացիներին հուզող հարցերին՝ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշել է, որ նախարարությունը միջոցներ չի խնայելու բնակչության պաշտպանության ոլորտում ներդրում ունենալու հարցում: «Բարձրացված բոլոր հարցերը կուսումնասիրվեն անձամբ իմ հսկողությամբ: Ես ձեզ վստահեցնում եմ, որ սահմանամերձ գյուղերը մեր ուշադրության կենտրոնում են: Մենք հեռանկարում ունենք մի նախագիծ, որի շնորհիվ սահմանամերձ համայնքներում կստեղծվեն նոր աշխատատեղեր», - ընդգծել է նախարարը:

ՏԿԱԻ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57