Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երկօրյա աշխատանքային այցով Տավուշի մարզում է

09.04.2015

Սկսած ապրիլի 8-ից երկօրյա աշխատանքային այցով Տավուշի մարզում է ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այցը սկսվեց Դիլիջանի տարածաշրջանից, որտեղ նախատեսված է համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր իրականացնել: Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանի ուղեկցությամբ նախարար Արմեն Երիցյանը հանդիպումներ ունեցավ խոշորացման ծրագրի մեջ ընդգրկված համայնքների բնակիչների հետ: Նախատեսվում է Հովք, Խաչարձան, Աղավնավանք, Գոշ, Թեղուտ, Հաղարծին գյուղերը միավորել Դիլիջան քաղաքի հետ՝ դարձնելով այն մեկ համայնք: Նախարարի այցի նպատակն էր բացատրել, ներկայացնել բնակչությանը ծրագրի իրականացման գաղափարը և դրանից ակնկալվող արդյունքները: Նախարարը նշում էր, որ սա մեկ օրում ընդունված որոշում չէ, մինչ այս տարիներով ուսումնասիրվել են առաջադեմ երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, եվրոպական այլ երկրների փորձերը: Եվ փորձը ցույց է տալիս, որ խոշոր համայնքն ավելի հեշտ ու արդյունավետ է կառավարել, քան փոքր և առավել ևս հոգսաշատ համայնքը:
,,Այս ծրագիրը ոչ միայն հնարավորություն կտա համայնքներին համաչափ զարգանալ, այլև` թույլ կտա էլ ավելի շատ միջազգային ներդրումներ ապահովել համայնքներում, իսկ դրանց վերահսկողությունը դարձնել ավելի արդյունավետ: 866 համայնք կառավարելը շատ ավելի դժվար և պակաս արդյունավետ է,,-ընդգծեց նախարարը:
Բոլոր համայնքներում բնակիչները բարձրացնում էին իրենց հուզող խնդիրները: Գլխավորն, իհարկե, ի՞նչ կտա խոշորացումն անձամբ գյուղացուն, հարցն էր: Նախարար Արմեն Երիցյանը պատասխանում էր, որ խոշորացման դեպքում կունենանք միջազգային ներդրումներ, որոնց միջոցով հնարավոր կլինի յուրաքանչյուր համայնքում՝ ելնելով իր առանձնահատկություններից, փոքրիկ արտադրություն հիմնել, զարգացնել տնտեսության որևէ ճյուղը, ենթակառուցվածքները զարգացնել, որոնք էլ անշուշտ կհանգեցնեն աշխատատեղերի ստեղծմանը, կենցաղային պայմանների բարելավմանը: Նախարար Արմեն Երիցյանը պատասխանում էր նաև բոլոր համայնքների բնակիչներին հուզող տեղեկանքների և հաստիքների կրճատման հետ կապված հարցերին: Յուրաքանչյուր համայնք ունենալու է իր ներկայավուցիչը, որը կզբաղվի այդ հարցերով, ու բնակիչը ստիպված չի լինի ճանապարհ կտրել ամեն մանր հարցի համար: Գյուղապետարանում առկա հաստիքները չեն կրճատվելու, այլ փոխարինվելու են մեկը մյուսով ըստ համայնքի առաջադրած խնդիրների լուծման: Գյուղացիների այն հարցին, թե արդյո՞ք մեծ համայնքը դեպի իրեն չի ձգի միջոցները՝ անտեսելով փոքրերին, ՏԿԱԻ նախարարը պատասխանում էր, որ գումարները բաշխվելու են հասցեավորված ու լինելու են  նպատակային յուրաքանչյուր համայնքի համար և վերահսկվելու են կառավարության կողմից:

Այսքանով հանդերձ, ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը բոլոր համայնքներում ժողովրդին տեղեկացնում էր, որ խոշորացման ծրագիրը բոլորովին պարտադրված բարեփոխում չէ, և յուրաքանչյուր համայնք մայիսի 17-ին նախատեսված հանրաքվեի միջոցով ինքն է որոշելու համաձայն է ծրագրի իրականացմանը, թե՞ ոչ:
Օրվա ավարտին խորհրդակցություն տեղի ունեցավ նաև Դիլիջանի քաղաքապետարանում, որին մասնակցում էին համայնքի ավագանու անդամներ, գործող հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախարար Արմեն Երիցյանը նրանց նույնպես տեղեկացրեց սպասվող խոշորացման ծրագրի առանձնահատկությունները: Ինչպես բոլոր համայնքներում, այնպես էլ Դիլիջանում, նախարարը նշեց, որ իր այցից հետո համայնքներում կլինեն նախարարության, մարզպետարանի համապատասխան աշխատակիցները, ովքեր առավել մանրամասն կբացատրեն ծրագրի էությունը: Լրագրողների հետ զրույցում Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ինչպես նաև համայնքների խոշորացման պիլոտային ծրագրում ընդգրկված գյուղերի ղեկավարները նշեցին, որ բնակչությունը ծրագրի հետ կապված իրազեկման որոշակի խնդիրներ ուներ, սակայն ՏԿԱԻ նախարարի բացատրական աշխատանքներից հետո գյուղացիների շրջանում նկատվում է դրական վերաբերմունք, և նրանք պատրաստ են դրա պիլոտային տարբերակի գործարկմանը:
Աշխատանքային այցի երկրորդ օրը ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը սկսեց Տավուշի մարզպետարանում փոքրիկ խորհրդակցությունով: Այնուհետև նախարարը մեկնեց Բերդի տարածաշրջան, հանդիպելու սահմանամերձ համայնքների բնակիչների հետ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05