Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկում է սահմանամերձ համայնքների զարգացման նոր ծրագիր

18.03.2015

Մարտի 18-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը և ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը հայտարարեցին «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի մեկնարկի մասին: Այն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը` ՀՀ ՏԿԱԻ նախարարության հետ սերտ համագործակցությամբ և Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսավորմամբ:
Բացման խոսքով հանդես եկավ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ով մասնավորապես ասաց.
- ՄԱԶԾ-ն փորձում է Հայաստանի հեռավոր համայնքների համար ապահովել ոչ թե կարճաժամկետ, իրավիճակային օգնություն, այլ` աջակցել կայուն զարգացմանը: Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել ՀՀ և ՌԴ կառավարություններին` գերազանց համագործակցության և խոցելի համայնքներին աջակցելու համար:
ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն իր խոսքում ընդգծեց, որ գրեթե բոլոր նախաձեռնություններում ՄԱԿ-ը մշտապես եղել է նախարարության կողքին.
- ՄԱԿ-ի գրասենյակի հետ համագործակցության մասին կարելի է շատ երկար խոսել` սկսած Հյոգոյի գործողությունների ծրագրին Հայաստանի միանալու և 2010 թ. մեր ԱՌՆ ազգային պլատֆորմը ստեղծելու պահից ՄԱԿ-ը եղել է մեր կողքին և աջակցել մեր բոլոր ծրագրերին և´ արտակարգ իրավիճակների, և´ տարածքային կառավարման ու զարգացման ոլորտներում: Օգտվելով առիթից` ուզում եմ նաև ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնել համագործակցության համար և վստահեցնել, որ ծրագիրը հաջողություն կունենա:
Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը տեղեկացրեց, որ ներկայումս ՌԴ կառավարության օժանդակությամբ ՄԱԶԾ-ն մի քանի նման ծրագիր է իրականացնում նաև ԱՊՀ այլ երկրներում.
- Մենք կարևորում ենք այն փաստը, որ ծրագիրն ուղղված է սահմանամերձ համայնքների համահավասար զարգացմանը և հուսով ենք, որ այն կօգնի մեր ռազմավարական գործընկեր Հայաստանին հասնելու իր առջև դրված նպատակներին:
Ծրագրի մեկնարկը հավաստող փաստաթղթերը ստորագրեցին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը և Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանը նշեց, որ այս ծրագիրը համահունչ է թե´ համայնքների զարգացման պլաններին, թե´ մարզում առկա խնդիրներին, և հավաստեց, որ ծրագրի ավարտին լավ արդյունքներ են արձանագրվելու:
Գյուղական զարգացման ծրագիրը տարբեր ուղղություններով օժանդակելու է Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքների` բնակիչների ներգրավում համայնքների զարգացման ծրագրերի մշակմանը, ուսուցում, աջակցություն գյուղատնտեսական ոլորտին, ենթակառուցվածքների վերականգնում, եկամուտ ստեղծող ծրագրեր և այլն:

 

ՀՀ ՏԿԱԻՆ հասարակայնության հետ կապերի բաժին 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18