Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզխորհրդի նիստում

24.02.2015

Փետրվարի 24-ին տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի 2015 թվականի առաջին նիստը, որի օրակարգում ընդգրկված էր Տավուշի մարզպետի հաշվետվությունը 2014 թվականին կատարած աշխատանքների և սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակի մասին: Նիստը վարում էր մարզպետ Հովիկ Աբովյանը, աշխատանքներին մասնակցում էին ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը և ՏԿԱԻ նախարարության փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը:
Խոսելով 2014 թվականի կատարած աշխատանքների մասին, մարզպետ Հովիկ Աբովյանը հատկապես կարևորեց նախորդ տարում ՀՀ կառավարության կողմից ընդունած այն որոշումները, որոնց համաձայն արտոնություններ տրվեցին սահմանամերձ համայնքներին: Ինչպես հայտնի է հանրապետության 32 նմանատիպ համայնքներից 24-ը գտնվում են Տավուշի մարզում: Տրված հարկային արտոնություններն արդեն զգացնել են տալիս, և ինչպես նշեց մարզպետը, օրինակ, Բերդի տարածաշրջանում շուտով կսկսվեն <<Տավուշ-տեքստիլ>> արտադրամասի հիմնման աշխատանքները: Այն 2 տարվա ընթացքում նախատեսում է 2000 աշխատատեղ ունենալ՝ հիմնելով նաև փոքրիկ արտադրամասեր գյուղական համայնքներում:
Մարզպետն իր հաշվետվությամբ ընդգծեց նաև ՀՀ պետական բյուջեի միջոցներով մի շարք համայնքներում իրականացրած պաշտպանիչ աշխատանքները, հրատապ ծրագրերի շրջանակներում Վազաշեն-Պառավաքար, Դիլիջանում դեպի միջազգային դպրոց տանող, Կողբի, ինչպես նաև միջհամայնքային այլ ճանապարհների հիմնանորոգումը, Այգեձորի ջրատարի կառուցումը:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին, մարզպետ Հովիկ Աբովյանը կարևորեց <<Արոտների կառավարման>> ծրագրի իրականացումը, որը շարունակական բնույթ ունի: Հայտնեց նաև, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում շուտով մեկնարկելու է ևս մեկ գյուղատնտեսության աջակցության ծրագիր, որում ընդգրկված են մարզի 45 համայնքներ: Մարզպետի կողմից անդրադարձ կատարվեց նաև մարզի առողջապահության ոլորտին: Նշվեց, որ հիմնանորոգվել են 3 գյուղական ամբուլատորիա, իսկ այս պահին ընթանում են Բերդի բժշկական կենտրոնի վերանորոգման և վերազինման աշխատանքները:
Ընդհանուր առմամբ, 2014 թվականին Տավուշի մարզում պետական բյուջեի, համայնքային բյուջեների, մասնավոր ներդրումների, ՀՍՆՀ-ի և այլ միջազգային ծրագրերի հաշվին կրթության, մշակույթի, անհատական բնակարանաշինության և հատուկ նշանակության օբյեկտների շինարարության բնագավառներում իրականացվել են 10 836.615 մլն դրամի կապիտալ ներդրումներ:
Օրակարգի 2-րդ հարցով, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսների և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը ներկայացրեց 2014 թվականը Տավուշի մարզի համայնքների սեփական բյուջեների կատարման տեսանկյունից: 62 համայնքների 2014 թ. տեղական բյուջեների տարեկան նախատեսված եկամուտների հանրագումարը կազմել է 2850,5 մլն. դրամ, որից սեփական եկամուտները 725,6 մլն. դրամ է, որը կազմում է ընդհանուր գումարի 25,5 տոկոսը, իսկ պաշտոնական դրամաշնորհները՝ 2105.2 մլն. դրամ, այդ թվում ՀՀ պետական բյուջեից տրամադրվող դոտացիան՝ 1924.5 մլն դրամ: Մարզի համայնքների 2014 թ. տարեկան եկամուտների փաստացի մուտքը կազմել է 2850.5 մլն. դրամ, որը կազմում է նախատեսվածի 100.7 տոկոսը, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 746.9 մլն. դրամ կամ կատարվել է 102.9 տոկոսով: 2014 թ. մարզի համայնքների սեփական եկամուտները 2013 թվականի համեմատությամբ ավել է հավաքագրվել 142,6 մլն դրամով:
Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը հանդես եկավ գյուղտնտեսության ոլորտում իրականացրած ծրագրերի յուրովի հաշվետվությամբ և ներկայացրեց 2015 թվականի անելիքները: Նշվեց, որ գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է շուրջ 45.1 մլրդ. դրամ, նախորդ տարվա 43,8 մլրդ. դրամի դիմաց, աճը կազմել է 3 տոկոս:
ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ամփոփելով խորհրդակցությունը, տեղեկացեց նաև որոշակի ծրագրերի մասին, որոնք պետք է ընթացքի մեջ մտնեն 2015 թվականից: Մասնավորապես նշեց, որ ՀՀ կառավարության առաջիկա նիստում արդեն կհաստատվի և կսկսվի էլեկտրաէներգիայի ու գազի փոխհատուցման նպատակով նախատեսված գումարների ֆինանսավորումը այն համայնքներին, որոնք որպես սահմանամերձի արտոնություն են ստացել: Նախարարի տեղակալը հորդորեց համայնքների ղեկավարներին, որպեսզի ուշադիր լինեն և իրազեկեն բնակչությանը կարգի մասին, ինչպես նաև պատշաճ կատարեն այն բոլոր աշխատանքները, որոնք կապված են հողի հարկի ու գույքահարկի դիմաց արտոնյալ համայնքներին պետության կողմից տրվող փոխհատուցումների հետ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27