Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համատեղ խորհրդակցությունում

13.02.2015

Այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ անցկացրած համատեղ խորհրդակցությունում հիմնականում ամփոփվեցին նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, իրականացված ծրագրերի արդյունքները և քննարկվեցին գարնան գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված առաջիկա անելիքները:
Նախարար Սերգո Կարապետյանն իր խոսքում կարևորեց մի շարք խնդիրներ և նշեց, որ ինչպես մինչ հիմա, այսուհետ նույնպես նախարարության քաղաքականությունն ուղղված է լինելու դրանց արդյունավետ լուծմանը: Գործունեության հիմնական թիրախներից է լինելու հողերի արդյունավետ օգտագործման խնդիրը: Վերջին 3-4 տարիների ընթացքում ավելացել է մշակվող հողերի քանակը, սակայն դեռևս շատ պետք է աշխատել այս ուղղությամբ: Խիստ կարևորվեց նաև անասնապահության զարգացումը և այդ նպատակով արոտների առավելագույն արդյունավետ օգտագործումը: Միայն Տավուշի մարզում 61000 հա արոտավայր կա, որն արդյունավետ օգտագործելու համար էլ իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը: Այդ ծրագրի շրջանակներում ջրարբիացվում են արոտավայրերը, անցանելի են դարձվում ճանապարհները: Նույն ծրագրով ստեղծված կոոպերատիվները ձեռք են բերում գյուղ. տեխնիկա և այլ սարքավորումներ: Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորում է ձեռքբերվող գյուղտեխնիկայի արժեքի 80%-ը, իսկ 20% տրամադրում է կոոպերատիվը, պայմանով, որ գյուղտեխնիկան ստանալուց հետո 4 տարիների ընթացքում կոոպերատիվն իր հաշվին կուտակում է գյուղտեխնիկայի արժեքի 30% չափով գումար, որը կարող է օգտագործվել նոր գյուղտեխնիկա գնելու համար: Նշվեց, որ անասնապահության զարգացման նպատակով նախատեսված գործողությունների շղթայում կարևոր տեղ է հատկացվելու նաև վերամշակման, փաթեթավորման, իրացման խնդիրներին:
Նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրեց, որ մեկնարկելու է նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» 2-րդ ծրագիրը, որտեղ ցանկություն ունենալու դեպքում կարող են ընդգրկվել Տավուշի մարզի նաև այն համայնքները, որոնք մինչև հիմա չեն մասնակցել այդ ծրագրին: Նախարար Կարապետյանն ընդգծեց, որ տեղում ունենալով նաև մարզպետ Հովիկ Աբովյանի առավելագույն աջակցությունը, ջանքեր չեն խնայվելու, որպեսզի և այս, և մյուս ծրագրերը, մեծ արդյունավետությամբ իրականացվեն Տավուշի մարզի առավել մեծ թվով համայնքներում: Նախարար Սերգո Կարապետյանն ընդգծեց, որ պետությունը գյուղացիական տնտեսություններին օժանդակություն ցուցաբերելու նպատակով այս տարի ևս հետևողականորեն շարունակում է սերմացուների, դիզելային վառելիքի և պարարտանյութերի տրամադրման ծրագրերը, ընդ որում դրանք կտրամադրվեն նախորդ տարվա գներով: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց նաև ոռոգման աշխատանքների պատշաճ կազմակերպման հարցը: Ոլորտի պատասխանատուները հավաստիացրին, որ այս պահին վերջին աշխատանքներն են տարվում համակարգը նախապատրաստելու ուղղությամբ` ոռոգման շրջանն սկսելուն պես գյուղացիական տնտեսություններին կայուն ջրամատակարարում ապահովելու նպատակով:
Խորհրդակցության ընթացքում գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգևատրվեց Տավուշի մարզի ֆերմեր Ռոբերտ Նավասարդյանը, իսկ ոլորտի մի խումբ այլ ներկայացուցիչների հանձնվեցին շնորհակալագրեր:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նախ շնորհավորեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից պարգևատրվածներին, ցանկացավ հետագա արդյունավետ աշխատանք: Ապա մարզպետը շնորհակալություն հայտնեց նախարար Սերգո Կարապետյանին մարզում հետևողականորեն իրականացվող ծրագրերի համար և համոզմունք հայտնեց, որ առաջիկայում նույնպես կշարունակվի արգասաբեր համագործակցությունը, և նախատեսված աշխատանքներն ամբողջովին կկատարվեն ի նպաստ մարզի գյուղատնտեսության զարգացման:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18