Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
3-րդ բանակային կորպուսը՝ լավագույնը հանրապետությունում
14.01.2015

Հունվարի 13-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հանդիպումը 3-րդ բանակային կորպուսի սպայական կազմի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ:
Սեյրան Օհանյանը, ողջունելով ներկաներին, իր ելույթում գոհունակությամբ նշեց, որ 2014 թվականին 3-րդ բանակային կորպուսը լավագույնն է ճանաչվել հանրապետությունում։ Լավագույնն է ճանաչվել նաև N մոտոհրաձգային գունդը։
Միջոցառման ընթացքում պատվոգրերով, արժեքավոր նվերներով և գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին բանակային կորպուսի տարբեր ստորաբաժանումներում ծառայող մի խումբ սպաներ, Տավուշի և Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներ։ Նախարար Սեյրան Օհանյանը հուշանվերներ հանձնեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին և 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանին։ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը պարգևատրվեց <<Մարշալ Բաղրամյան>> մեդալով, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը՝ <<Դրաստամատ Կանայան>>, իսկ ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը՝ <<Վազգեն Սարգսյան>> մեդալներով:
Սեյրան Օհանյանն իր խոսքում նշեց, որ 2015 թվականը ՀՀ զինված ուժերի համար հայտարարվել է մարտական կարողությունների զարգացման տարի։
Պաշտպանության նախարարն անդրադարձավ անցած տարի հակառակորդի հետ շփման գծում տեղի ունեցած միջադեպերին՝ նշելով, որ թշնամին յուրաքանչյուր ոտնձգության ժամանակ արժանի հակահարված է ստացել դիրքապահ ստորաբաժանումների կողմից։