Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում մարզպետարանում

11.11.2014

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հերթական միջոցառումը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման նպատակով իրականացվող ծրագրի շրջանակներում: Այն վարում էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արշավիր Գևորգյանը: Մասնակցում էին մարզպետարանի և ոստիկանության աշխատակիցներ, համայնքների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, կրթական հաստատությունների տնօրեններ: Ողջունելով ներկաներին, մարզպետ Հովիկ Աբովյանը կարևորեց ոստիկանության հետ տարվող համատեղ աշխատանքները, նշեց, որ թեև գնալով ակտիվանում է հասարակության և ոստիկանության կապը, սակայն դեռևս անելիքներ շատ կան: Հասարակությանը վտանգավոր երևույթներից զերծ պահելու, դատապարտելի արարքները կանխելու նպատակով բոլոր շերտերի համագործակցված աշխատանքն է հարկավոր,-ընդգծեց մարզպետը: Ոստիկանության մարզային վարչության պետ, գնդապետ Արշավիր Գևորգյանը հայտնեց, որ 3 ամիսը մեկ անգամ տեղի են ունենում այս հանդիպումները, սակայն ակնկալում է, որ դրանք ձևական բնույթ չեն կրելու և իրենց գործնական արդյունքն են ունենալու: Այս միջոցառումները նպատակաուղղված են վեր հանելու առկա խնդիրները և փորձել դրանց լուծումը գտնել: Հանդիպման ընթացքում կարևորվեց անչափահասների, երիտասարդների հետ տարվող աշխատանքը: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանն առաջարկեց ոստիկանության և առողջապահության ոլորտի աշխատակիցների համատեղ հանդիպումը կազմակերպել համալսարանում: Նաև առաջարկվեց համայնքներում, դպրոցներում մարզական, մշակութային միջոցառումներն ավելացնել երիտասարդների համար զբաղմունք ապահովելու նպատակով: Ելույթ ունեցան նաև մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը, Գետահովիտի դպրոցի տնօրեն Հարություն Ղազարյանը, սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Իջևանի տարածքային բաժնի պետ Սոնա Մեհրաբյանը, Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանը, մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Հանդիպման ավարտին որոշվեց, որ նման միջոցառուները շարունակական բնույթ են կրելու, տեղի են ունենալու նաև համայնքներում, որպեսզի անմիջականորեն լսվեն մարդկանց հուզող խնդիրները: Առաջիկա հանդիպումը մարզպետ Հովիկ Աբովյանի և ոստիկանության մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանի մասնակցությամբ կկայանա Աչաջուր համայնքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59