Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Տավուշի մարզում էր

03.11.2014

Նախօրեին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Այցի մեկնարկը տրվեց Նոյեմբերյանի տարածաշրջանում: Նախարար Հասմիկ Պողոսյանը Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանի և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանի ուղեկցությամբ եղավ Նոյեմբերյանի մանկական երաժշտական դպրոցում, հանդիպում ունեցավ մանկավարժների հետ: Դպրոցը գործում է 1959 թվականից, հիմա տարբեր բաժիններում սովորում են 136 երեխա, գործում է քանոնահարների անսամբլ և երգչախումբ: Կրթօջախն իր ձևավորված ավանդույթներն ունի, մշտապես մասնակցում է տարբեր փառատոնների և մրցույթների՝ դրանցից վերադառնալով շնորհակալագրերով ու պատվոգրերով: ՀՀ մշակույթի նախարարի այցի շրջանակներում մարզի գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններին, այդ թվում Նոյեմբերյանի երաժշտական դպրոցին, տրամադրվեց վերջին տարիներին պետպատվերով տպագրված երաժշտական գրականություն: Նոյեմբերյանում նախարար Հասմիկ Պողոսյանը մշակութային կրթության ասպարեզում ունեցած ներդրման, ինչպես նաև երկարամյա մանկավարժական արդյունավետ գործունեության համար ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրեր հանձնեց Բերդավանի Գ. Ալեքսանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մարինե Նասիբյանին, Կողբի երաժշտական դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի դասատու Զարիկ Մուսայելյանին, Նոյեմբերյանի մանկական երաժշտական դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի դասատու Մելանյա Մամյանին, նույն դպրոցի հիմնադիր տնօրեն Սերյոժա Հարությունյանին, խմբավար Էմիլյա Չիլինգարյանին:
Հաջորդ կանգառը Նոր Վարագավանքում էր: Վանական համալիրը 12-րդ դարի կառույց է, կազմված է Անապատ կամ Սբ. Աստվածածին և Սբ. Նշան կենտրոնագմբեթ եկեղեցիներից, 2 գավթից, կրկնահարկ զույգ տապանատներից և մատուռից: 2012 թվականից սկսվել են վերականգնողական աշխատանքներ: Արդեն սկսվել են նաև համալիրի կազմում գտնվող փոքր եկեղեցու և դամբարանի վերականգնման նախագծային աշխատատնքները բարերար Նորայար Խաչատրյանի միջոցներով, ինչի մասին նա խոստացել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վարագավանք կատարած այցի ժամանակ: Ամբողջովին ասֆալտապատված է Իջևան-Բերդ մայրուղուց մինչև վանական համալիր տանող ճանապարհը:
Պետական միջոցներով ընթանում են նաև Գոշավանքի վերականգնման աշխատանքները, որոնք սկսվել են 2011 թվականին: Նախարար Հասմիկ Պողոսյանը եղավ նաև Գոշավանքում, ծանոթացավ աշխատանքների ընթացքին:
ՀՀ նախարար Հասմիկ Պողոսյանի այցն ավարտվեց Դիլիջանում, պետական երաժշտական դպրոցում: Կրթօջախը հիմնադրվել է 1945 թվականին, այնտեղ ուսանում են 178 երեխա, աշխատում 40 մանկավարժ: Դպրոցի սաները բազմիցս հանրապետական և միջազգային մրցույթներից վերադարձել են մրցանակներով ու պարգևներով: 2008 թվականից դպրոցը համագործակցում է <<Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի>> հետ և համարվում է հենակետային մարզի մյուս երաժշտական դպրոցների համար: Հիմնադրամի մեթոդիստները պարբերաբար ուսումնամեթոդական և գործնական օգնություն են ցուցաբերում մանկավարժական անձնակազմին, անցկացնում վարպետության և վերապատրաստման դասեր:
Այդ օրը նախարար Հասմիկ Պողոսյանը դպրոցում ծանոթացավ մարզի շնորհալի երեխաների նկարչական ցուցահանդեսին, ներկա գտնվեց դպրոցի սաների ուժերով պատրաստված համերգին և հանդիպում ունեցավ մարզի մտավորականության հետ: Հ. Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի գեղանկարի դասատու Սոֆյա Պարանյանը և Դիլիջան քաղաքի պետական երաժշտական դպրոցի քանոնի դասատու Ստելլա Սանթրոսյանը մշակութային կրթության ասպարեզում ունեցած ներդրման և երկարամյա մանկավարժական արդյունավետ գործունեության համար պարգևատրվեցին ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05