Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում զինվորների ու նրանց ծնողների հետ

29.10.2014

<<Հայրական օջախներից դուրս ենք եկել, բայց դարձել ենք այդ նույն օջախների պահապանը>>, -Սա շարքային Կարո Չոբանյանի խոսքն է, որ նա արտահայտեց նախօրեին Տավուշի մարզկենտրոն Իջևանում, Տավուշի մարզպետարանի և 3-րդ բանակային կորպուսի նախաձեռնությամբ տեղի ունեցած ՀՀ զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանի հանդիպմանը Տավուշի մարզից զորակոչված զինվորների ու նրանց ծնողների հետ: Միջոցառումը բազմամարդ էր, ներկա էին ոչ միայն զինվորներն ու նրանց ծնողները, այլև համայնքների ղեկավարներ, կրթական, մշակութային հաստատությունների, հասարակական ու պետական կառույցների ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, կարևորելով նման հանդիպումները բանակ-հասարակություն կապի ամրապնդման համար: Նշեց, որ հպարտանում է մեր զինվորներով, քանզի շնորհիվ նրանց մեր սահմաններն ամուր ձեռքերում են: Ծնողների անունից խոսք ասաց Վերին Կարմիաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը, որի որդին նոյնպես ծառայում է:
3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանը ողջունեց ու շնորհակալություն հայտնեց զինվորների ծնողներին նախաձեռնությանն արձագանքելու և ներկա գտնվելու համար: Ընդգծեց, որ նրանց որդիները դժվարին, բայց խիստ անհրաժեշտ ծառայություն են իրականացնում, որ բանակը կոփում է տղամարդուն, դարձնում ավելի ինքնուրույն: Կոչ արեց ծնողներին լինել համբերատար և հավաստիացրեց, որ բանակն իր կողմից գործադրում է բոլոր ջանքերը, ստեղծում է բոլոր պայմանները, որպեսզի տղաներն ողջ ու առողջ վերադառնան իրենց տները: Ապա հրամանատարը կարճաժամկետ արձակուրդներով պարգևատրեց մի շարք ժամկետային զինծառայողների, իսկ նրանց ծնողներին՝ շնորհակալագրերով:
Միջոցառումն ուներ նաև մշակութային հատված: 3-րդ բանակային կորպուսի տարեգրությունը ներկայացնող տեսաֆիլմ ցուցադրվեց: Գեղեցիկ կատարումներով հանդես եկան զինվորները և Իջևանի արվեստի դպրոցի պարարվեստի խմբի սաները:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 16:53:14