Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն Տավուշի մարզպետարանում

13.10.2014

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակացությունը մարզպետարանի ամբողջ աշխատակազմի մասնակցությամբ: Մինչ աշխատանքային հարցերի քննարկումը, մարզպետը նշելով, որ հաճելի առաքելություն ունի կատարելու, շնորհակալգիր հանձնեց Կառլեն Աղինյանին սպորտի բնագավառում երկարատև գործունեության և անմնացորդ նվիրում համար: Հոկտեմբերի 5-ին լրացել է Կառլեն Աղինյանի 82-ամյակը, որից 62 տարին՝ աշխատելով Իջևանի հանրակրթական և մարզական դպրոցներում, նա նվիրել է սպորտի ոլորտի զարգացմանը, երեխաների մարզական պատրաստվածության դժվարին գործին:
Կառլեն Աղինյանին ողջունեցին և շնորհավորանքի խոսք ասացին նաև մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արշավիր Թադևոսյանը: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը մասնավորապես նշեց, որ Կառլեն Աղինյանը տարիներ շարունակ մեծ դեր է ունեցել սերունդների դաստիարակման գործում՝ նրանց մեջ սերմանելով սեր սպորտի նկատմամբ:
Անցնելով աշխատանքային հարցերի քննարկմանը, մարզպետ Հովիկ Աբովյանը նախ ներկայացրեց մարզպետի նոր նշանակված օգնականին՝ Գևորգ Ազատյանին, ապա լսեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների տեղեկատվությունը ընթացիկ աշխատանքների վերաբերյալ: Հատկապես ուշադրություն հրավիրեց գնդակոծությունների հետևանքով վնասված բնակարանների տերերին ՀՀ կառավարության հատկացրած գումարների բաշխման վերջին փուլի իրականացման վրա, որպեսզի դա առավելագույնս սեղմ ժամկետներում հասցվի ավարտին: Հանձնարարեց տարածքային ինքնակառավարման և ՀԳՄ հարցերով, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչություններին յուրաքանչյուր 10-օրյակում ամփոփել համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարման ընթացքը և լինել խիստ հետևողական այդ հարցում: Կրթության, մշակույթի, սպորտի վարչությանը հանձնարարվեց օրենքին համապատասխան և նախատեսված ժամկետներում դպրոցներում իրականացնել կառավարման խորհուրդների ձևավորման գործընթացը: Ճանապարհաշինության և տրանսպորտի բաժինը մարզպետ Հովիկ Աբովյանի կողմից հանձնարարական ստացավ խիստ հետևել մարզային ճանապարհների մաքրության գործին՝ այդ հարցում համագործակցելով և համայնքների ղեկավարների և ճանապարհաշինական կազմակերպությունների հետ: Հանձնարարականներ ստացան նաև մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության, առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունները, քարտուղարությունը, ներքին աուդիտի բաժինը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18