Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակում ծառայող տավուշցի լավագույն ժամկետային զինծառայողները՝ հայրենի մարզում

25.09.2014

 Բանակ-հասարակություն կապի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ պաշտպանության նախարարության և Տավուշի մարզպետարանի համատեղ ջանքերով <<Բանակը մեր տունն է, մեր ամրոցը>> խորագրով սեպտեմբերի 24-ին հերթական միջոցառումն էր կազմակերպվել Տավուշի մարզպետարանում: Այս անգամ հայրենի մարզում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակում ծառայող տավուշցի լավագույն ժամկետային զինծառայողները: Նրանց հետ մարզ էին ժամանել ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան սպաներ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ազատամարտի մասնակիցներ, զինվորների ծնողներ ու հարազատներ: Միջոցառումն սկսվեց հարգանքի տուրքով. լեփ-լեցուն դահլիճը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեց ազատամարտի զոհերի հիշատակը: Ներկաներին ողջունեց գեներալ Մովսես Հակոբյանը: Նա բարձր գնահատեց այն մեծ ավանդը, որ ունեցել են տավուշցի ազատամարտիկները Հայաստանի սահմանները և Արցախի անկախությունը պաշտպանելիս: <<Սա հայ զինվորի ընտանիքին նվիրված միջոցառում է,- ասաց գեներալը,- ավագ սերնդի զավակներն են այսօրվա զինվորները, ովքեր պատվով են իրականացնում իրենց գործը: Այսօրվա զինվորը արժանի հետևորդն է այն ավագ սերնդի, ովքեր մեզ տվեցին անկախություն ու հաղթանակ: Մեր անկախությունը թանկ է, քանի որ ձեռք է բերվել արյունով ու քրտինքով, ցուրտ ու մութ տարիներին>>: Գեներալն իր շնորհակալությունը հայտնեց զինվորների ծնողներին լավ զավակ դաստիարակելու և բանակ ուղարկելու համար: Գեներալի խոսքին հաջորդեց <<Բանակը մեր տունն է>> տեսաֆիլմի ցուցադրությունը: Այնուհետև ելույթներ ունեցան և իրենց երախտիքի ու սրտի խոսքն ասացին գնդացրորդ, շարքային Արթուր Բեջանյանը, շարքային Ռաֆիկ Մինասյանի մայր Ռեհան Աբրահամյանը, ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի նախագահի տեղակալ Սամվել Առաքելյանը, Ջուջևանի միջնակարգ դպրոցի տնօրեն Վալերի Վարդանյանը: Մարզպետ Հովիկ Աբովյանն իր խոսքում շեշտեց, որ տավուշցիները միշտ էլ եղել են ու կան որպես հայրենիքը պաշտպանող առաջամարտիկներ և բարձր են պահում սահմանապահ մարզի պատիվը: Դրա վառ ապացույցն են թե Մեծ հայրենականին տավուշցիների ունեցած մասնակցությունը, թե մեր նորանկախ երկրի սահմանների պաշտպանության և Արցախի շրջանների ու պատմական Շուշիի ազատագրման ժամանակ տավուշցիների դրսևորած խիզախությունն ու անվեհերությունը և թե Պաշտպանության բանակում այսօր իրենց քաղաքացիական ու հայրենասիրական պարտքը կատարող ժամկետային զինծառայողներն իրենց բարձր կարգապահությամբ, մարտունակությամբ ու պատրաստականությամբ: Մարզպետը տավուշցի զինվորին մաղթեց ուժ, եռանդ ու կորով և խաղաղ ու անփորձանք ծառայություն, իսկ զինվորների ծնողներին, կանանց ու սիրած աղջիկներին՝ լավատեսություն ու համբերություն: Հանդիպման ընթացքում ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը ազգային-ազատագրական պայքարում և բանակաշինության գործում ունեցած ավանդի համար Տավուշի մարզի մի խումբ անձանց պարգևատրեց Պաշտպանության բանակի հուշամեդալով, իսկ ծառայության մեջ աչքի ընկած լավագույն զինվորների ծնողներն ստացան շնորհակալագրեր: Վերջում հաճելի անակնկալ էր սպասում թե զինվորներին և թե նրանց ծնողներին: Արցախից ժամանած տավուշցի բոլոր զինծառայողներին տրվեցին արձակուրդային վկայականներ մինչև սեպտեմբերի 30-ը: Միջոցառումը մեջընդմիջվում էր ՀՀ պաշտպանության նախարարության <<Ասպետ>> համույթի հայրենասիրական երգերի գեղեցիկ կատարումներով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 17:18:59