Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ստորագրվեց համագործակցության համաձայնագիր

24.09.2014

  Սեպտեմբերի 24-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Ռումինիայից ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին Տուլչայի նահանգի խորհրդի փոխնախագահ Վասիլե Ստրատը, Դանուբի Դելտայի բիոսֆերայի արգելոցի կառավարիչ Լուչիան Էդվարդ Սիմիոն, Գեռլայի քաղաքապետ Մարիուս Սաբոն, Թրգու-Օկնայի քաղաքապետ Շտեֆան Սիլոկին, Գեորգենի քաղաքապետ Յանոշ Մեզեյը, Բոտոշանի փոխքաղաքապետ Կատալինա Կամելիա Լուպաշկուն, <<Բոտոշանի մետրոպոլիայի շրջան>> միջհամայնքային զարգացման միության նախագահ Ֆլորին Էգները, Հայաստանում Ռումինիայի դեսպանատան նախարար-խորհրդատու Վիտալի Վարատիչը և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ Ռաֆայել Պողոսյանը: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Կարեն Ադամյանը, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, բնապահպանության բաժնի վարիչ Սամվել Գևորգյանը: Քննարկվեցին Ռումինիայի Տուլչայի նահանգի և ՀՀ Տավուշի մարզի միջև փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր: Ողջունելով հյուրերին և երկու վարչատարածքային միավորներն ու համայնքները ներկայացնող տարածքային կառավարման մարմինների բարեկամանալու մտադրությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և հանրային հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում համագործակցության վրա, մարզպետ Հովիկ Աբովյանն այնուհետև ներկայացրեց Տավուշի մարզը, նրա աշխարհագրական դիրքն ու բնակչությունը, մարզի զարգացման հիմնական ճյուղերը: Տուլչայի նահանգի խորհրդի փոխնախագահ Վասիլե Ստրատը նշեց, որ Տուլչայի տարածաշրջանն իր տարածքով երրորդն է երկրում, աչքի է ընկնում հատուկ կարգավիճակով և իր ֆլորայով ու ֆաունայով ճանաչված է միջազգային մակարդակով: Այստեղ հիմնական ուշադրությունը ուղղորդված է բիոսֆերայի և բնապահպանության զարգացմանը: Դանուբի Դելտան առանձնանում է նրանով, որ այստեղ զուտ մարդկային գործոնի արդյունքում շուրջ 80 հազար հա ճահճուտային հողեր վերածվել են մշակելի գյուղատնտեսական հողերի: Այնուհետև քաղաքային համայնքների ղեկավարները մանրամասն ներկայացրին իրենց ղեկավարած համայնքները՝ նրանց զարգացման գործում շեշտադրելով նաև հայկական համայնքի դերակատարությունը: Ուշագրավ էր Գեռլայի քաղաքապետի տեղեկատվությունը, համաձայն որի առաջին հայերն այստեղ բնակություն են հաստատել դեռևս 1700 թվականին և հիմնել առաջին անկախ քաղաքը թագավորության մեջ, այստեղ է կառուցված ամենամեծ հայկական եկեղեցին Եվրոպայում: Հայերն այստեղ դպրոց են կառուցել, բացել ծերանոց, որը մինչ օրս էլ գործում է: Քաղաքը մտադիր է բարեկամական կապեր զարգացնել մարզկենտրոն Իջևանի հետ: Գեորգենի քաղաքապետի վկայությամբ հայերը այստեղ հաստատվել են ավելի վաղ՝ 1640թ., և այսօր քաղաքում գործում է շատ ամուր հայկական համայնք, որը շատ ներդաշնակ ապրում է տեղի բնակչության հետ և իր ավանդը բերում քաղաքի զարգացմանը: Այստեղ զարգացած է տուրիզմը /քաղաքը հարուստ է տեսարժան վայրերով, շրջապատված է գեղեցիկ լեռներով/, զարգացած է փայտամշակությունը: Երկրի զարգացած քաղաքներից է մշակութային ավանդույթներով հարուստ Բոտոշանը: Այստեղ ամենահին հայկական եկեղեցին թվագրվում է 1350թ.:
 Համոզված լինելով համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու անհրաժեշտության մեջ՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և Տուլչայի նահանգի խորհրդի փոխնախագահ Վասիլե Ստրատը հանդիպման վերջում ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որով համաձայնության եկան մի շարք ոլորտներում, մասնավորապես, մշակույթի, կրթության և գիտության, առողջապահության, տեղական ինքնակառավարման, բնապահպանության, տնտեսության և ներդրումների, տարածքային կառավարման, սպորտի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլն, համագործակցելու վերաբերյալ:
 Տավուշի մարզպետարանից հյուրերը մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ ուղևորվեցին Իջևանի գինու-կոնյակի գործարան, շրջեցին գործարանի արտադրամասերով, եղան համտեսի սրահում: Հյուրերի հաջորդ կանգառը Դիլիջանում էր, որտեղ նրանք այցելեցին Դիլիջանի միջազգային դպրոց և <<Թումո>> ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Ռումինացի հյուրերի Տավուշի մարզում ունեցած շրջայցը եզրափակվեց այցելությամբ Հաղարծնի վանական համալիր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59