Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա էր Բերդի նորակառույց Սբ. Հովհաննես եկեղեցու օծման սրբազան արարողությանը
15.09.2014
Խաչվերաց տոնին, սեպտեմբերի 14-ին, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Բերդի նորակառույց Սբ. Հովհաննես եկեղեցու օծման սրբազան արարողությունը: Եկեղեցու օծման առիթով Բերդ քաղաք էր ժամանել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Օծման արարողությանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, բարձրաստիճան պետական ու հոգևոր այրեր, մարզի հոգևոր դասը՝ Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի գլխավորությամբ: Սբ. Հովհաննես եկեղեցին կառուցվել է բարերարությամբ լուսահոգի պրն. Ջոն Սթիվենսի (Ֆրեզնո, ԱՄՆ): Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2012թ. մայիսի 20-ին: Կառույցի ճարտարապետն է Արտակ Ղուլյանը, շինարարությունն իրականացրել է «Այգեձոր» ընկերությունը: Օծման արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցու Սբ. Սեղանի օծումը, որից հետո օծվել են եկեղեցու 16 սյուները: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նորակառույց եկեղեցին կոչվել է Սբ. Հովհաննես առաքյալի անունով և նորաօծ Աստծու տանը մատուցվել է առաջին Սուրբ Պատարագը: Օծման արարողության ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամն ու հայրապետական օրհնությունն է բերել ներկա հավատավոր ժողովրդին՝ անդրադառնալով Խաչվերացի տոնին և հայ ժողովրդի համար Խաչի խորհրդին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև աղոթք է վեր առաքել առ Աստված, որ Տերն Իր Սուրբ Խաչի կենարար օրհնության ներքո պահպանի Բերդ քաղաքը և Տավուշ աշխարհը՝ հավատավոր իր բնակչությամբ, զորացնի ժողովրդին արդար ու բարի գործերում, նաև խաղաղություն և անսասանություն պարգևի սահմանապահ բոլոր հայորդիներին:
Արարողությունից հետո եկեղեցու մուտքին երեսուն զինվորներ խաղաղության խորհրդանիշ աղավնիներ են բաց թողել երկինք: