Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գոշը նշեց գյուղի օրը

14.09.2014

 Սեպտեմբերի 13-ը Տավուշի մարզի Գոշ գյուղի համար այսուհետ կմնա որպես առանձնահատուկ օր: Դեռևս անցած տարվա նույն օրը, երբ գյուղի զավակ, այժմ ռուսաստանաբնակ ճանաչված գործարար ու բարերար Անտոն Մեհրաբյանի նախաձեռնությամբ նշանավոր Գոշավանքի բակում հանդիսավորությամբ բացվեց միջնադարի հանճարեղ մտածող, օրենսդիր ու առակագիր Մխիթար Գոշի բրոնզաձույլ արձանը, համայնքի ղեկավար Գևորգ Ամիրխանյանը հայտարարեց, որ այսուհետ սեպտեմբերի 13-ը նշվելու է որպես Գոշ գյուղի օր, և ամեն անգամ օրը նշանավորվելու է գյուղի համար մի կարևոր իրադարձությամբ: Եվ ահա, խոստմանը հավատարիմ, այս անգամ Գոշի օրը նշանավորվեց Հայրենական մեծ պատերազմում զոհված գոշեցիների հիշատակին կառուցված հուշարձանի հանդիսավոր բացմամբ: Արարողությունը մի գեղեցիկ առիթ էր գյուղ բերելու Հայաստանում ու Հայաստանից դուրս ապրող բազմաթիվ գոշեցիների ու հյուրերի: Տոնական հանդիսությանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Նշենք, որ Գոշը մարզի միակ գյուղն էր, որ չուներ Մեծ հայրենականում զոհված հայրենակիցներին նվիրված հուշարձան: Այս անգամ հուշարձանի կառուցման հովանավորությունն իր վրա էր վերցրել Անտոն Մեհրաբյանի քրոջ որդին՝ նույնպես ռուսաստանաբնակ բարերար Հենրիկ Զաքարյանը: Միջոցառումն սկսվեց պատերազմում զոհված գոշեցիների համար հոգեհանգստի կարգով: Արարողությունը գլխավորեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Այնուհետև տեղի ունեցավ հուշարձանի հանդիսավոր բացումը: Ներկաներին ողջունեց ու նման շնորհակալ գործի ու նվերի համար բարերարին գյուղի բնակչության անունից իր մեծագույն երախտագիտությունը հայտնեց համայնքի ղեկավար Գևորգ Ամիրխանյանը: Հիշարժան օրը եզրափակվեց Իջևանի <<Փյունիկ>> պարային համույթի գեղեցիկ կատարումներով, երգ ու ասմունքով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18