Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կրթության ոլորտի աշխատողների օգոստոսյան խորհրդակցությունում

31.08.2014

 Օգոստոսի 30-ին Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ կրթության ոլորտի աշխատողների՝ արդեն ավանդական դարձած օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը, որին մասնակցեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդակցությունը բացեց ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Մարզպետը շնորհավորեց ներկաներին Գիտելիքի օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով նրանց արգասաբեր ու արդյունավետ ուսումնական տարի: Այնուհետև Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը մանրամասն ներկայացրեց մարզի կրթության ոլորտում 2013-2014թ.թ. կատարված աշխատանքները, անդրադարձավ նոր ուսումնական տարվա հիմնախնդիրներին: Նշվեց, որ մարզում գործում է 81 հանրակրթական դպրոց, որից 4-ը՝ ավագ: Դպրոցներում աշխատող 2119 ուսուցիչների հիմնական մասն ունի բարձրագույն կրթություն: Յուրաքանչյուր տարի նրանց մեկ հինգերորդն անցնում է ատեստավորում: Զեկուցողն անդրադարձավ դպրոցականների առարկայական օլիմպիադաներին մարզի դպրոցականների մասնակցությանը: Նշվեց, որ մարզային փուլին մասնակցած 278 աշակերտներից 82-ը մասնակցել են դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին: Նրանցից 7-ն արժանացել են 3-րդ կարգի դիպլոմի, 7-ը` գովասանագրի, 2-ը՝ պատվոգրի: Իսկ մայիս ամսին անցկացված ռազմագիտության օլիմպիադայի հանրապետական փուլում նորից փայլուն է հանդես եկել Արծվաբերդի միջնակարգ դպրոցը՝ զբաղեցնելով 2-րդ պատվավոր տեղը: Անդրադառնալով պետական միասնական քննությունների կազմակերպման ու անցկացման գործընթացին՝ վարչության պետն այնուհետև նեկայացրեց միասնական քննության արդյունքներն ըստ առարկաների: Տավուշի մարզից 2013թ. պետական միասնական քննություններին մասնակցության դիմում-հայտ է ներկայացրել 647 դիմորդ: Նրանցից 484-ն ընդունվել են ՀՀ տարբեր բուհեր, ընդ որում 74-ը ընդունվել են անվճար, 410-ը՝ վճարովի հիմունքներով: Մարզից Երևանի պետական համալսարան է դիմել 158 դիմորդ: Նրանցից ընդունվել են 123-ը: Իսկ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ դիմած 262 դիմորդներից ընդունվել են 189-ը: Ըստ տարածաշրջանների վերլուծության՝ հայոց լեզվի և հայ գրականության, ֆիզիկայի, աշխարհագրության, ռուսաց լեզվի և անգլերենի ամենաբարձր միջին միավորները հավաքել են Նոյեմբերյանի, հայոց պատմության, մաթեմատիկայի, քիմիայի, կենսաբանության և գերմաներենի միջինները՝ Դիլիջանի, համաշխարհային պատմության միջինը՝ Բերդի, ֆրանսերենինը՝ Իջևանի կրթական տարածքների դիմորդները: Անցած ուսումնական տարում բավականին աշխատանքներ են իրականացվել դպրոցաշինության և դպրոցների նյութատեխնիկական բազայի հարստացման ուղղությամբ: 2013-2014 ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցներով մարզի 20 դպրոցներում կատարվել են վերանորոգման աշխատանքներ, իսկ 9 դպրոցում իրականացվել է ռազմագիտության դասասենյակների վերանորոգում: <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվել է Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի մասնակի կահավորում: Հիմնադրամի կողմից մարզի հանրակրթական բոլոր դպրոցներին տրվել են գնդակներ: Մարզի բոլոր դպրոցներում հաջողությամբ ներդրված է ներառական կրթության համակարգը: Որպես կրթության կարևորագույն օղակի՝ աշխատանքներ են տարվում մանկապարտեզների, այդ թվում նաև նախակրթարանների և մանկապարտեզ հաճախող երեխաների թվի ավելացման ուղղությամբ: Վարչության պետի զեկույցին հաջորդեց Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Արևիկ Ասատրյանի ելույթը, ով Նոյեմբերյանի տարածաշրջանի դպրոցների տնօրենների անունից շնորհավորեց բոլորին նոր ուսումնական տարվա առթիվ՝ միաժամանակ ներկայացնելով տարածաշրջանի դպրոցական կյանքն ու ուսումնական գործընթացին խոչնդոտող խնդիրները, մասնավորապես դասագրքերի ծանրաբեռնվածության և ժամաքանակի անհամապատասխանության հարցը: Ելույթով հանդես եկավ նաև Բերդի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզաննա Թումանյանը: Անդրադառնալով կրթության համակարգի բարեփոխումներին՝ ԵՊՀ Իջևան մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանն իր ելույթում ողջունեց ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի անցնելու գաղափարը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հիմնականում անդրադարձավ կրթության ոլորտի նորամուծություններին ու նորարարություններին՝ շեշտը դնելով դպրոցականների ռազմահայրենասիրական կրթության ու դաստիարակության խնդիրների վրա: Նշվեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության և ԵԿՄ-ի հետ այդ ուղղությամբ նոր հայեցակարգ է մշակվում, մի շատ հավակնոտ ծրագիր, որը լինելով ժամանակակից, միաժամանակ կլինի նաև ազգային: Նախարարը նշեց, որ կողմնակից է սահմանապահ համայնքների նկատմամբ տարբերակված մոտեցմանը և արդեն իսկ պետական բուհերում այդ համայնքների ուսանողների համար նախատեսված են արտոնություններ: Խորհրդակցության ավարտին մարզպետ Հովիկ Աբովյանը կրթության ոլորտում ունեցած վաստակի և երկարամյա մանկավարժական գործունեության, ինչպես նաև մանկավարժական գործին անմնացորդ նվիրումի և անբասիր աշխատանքի համար շնորհակալագրեր ու պատվոգրեր հանձնեց մի շաք դպրոցների տնօրենների և ուսուցիչների: Խորհրդակցությունից հետո կրթության և գիտության նախարարը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ ուղևորվեց սահմանապահ Մովսես՝գյուղի դպրոցին ու համայնքապետարանին հանձնելու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նվեր համակարգիչները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26