Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Երաժշտական ամառ>> մանկապատանեկան նախագիծը կհատի եզրագիծը

26.08.2014

 Օգոստոսի 28-ին Դիլիջանի Էդվարդ Միրզոյնի անունը կրող կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը կկայանա ՀՀ կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ անցկացվող <<Երաժշտական ամառ>> մանկապատանեկան ծրագրի եզրափակիչ փուլը: Նախագիծն իրականացվում է ՀՀ առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այս միջոցառումը մի հիանալի հնարավորություն է սոցիալապես անապահով, մանկատների և առողջական խնդիրներ ունեցող մոտ 180 երեխաների համար՝ անմիջականորեն առնչվելու արվեստի հետ, լինելու ունկնդիրը գեղեցիկ համերգային ծրագրի ու կոմպոզիտոր Սվետլանա Ալեքսանյանի <<Մոխրոտը>> մյուզիքլի՝ մասնակցությամբ Ք. Քուշնարյանի (տնօրեն՝ Էդգար Գյանջումյան) և Հ. Դանիելյանի (տնօրեն՝ Նաիրա Դիվանյան) անվան արվեստի դպրոցի սաների և Երևանի պետական երաժշտական կամերային թատրոնի (գեղ. ղեկավար՝ Դավիթ Հակոբյան): Նախագծին իրենց անմիջական մասնակցությունն են բերել նաև “Դեկարտ” մանկապատանեկան մշակութային կենտրոնը (ղեկավար՝ Սուսաննա Բուդաղյան) և Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի (բաժնի ղեկավար՝ Աննա Հարությունյան) սաները՝ ներկացնելով իրենց նկարները, ձեռքի աշխատանքները: Երրորդ փուլում նրանց կմիանան նաև Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի (տնօրեն՝ Հրեղեն Գասպարյան, դեկորատիվ կիրառական արվեստի բաժնի ղեկավար՝ Արմինե Պողոսյան) սաները: Արդյունքում երրորդ փուլում արդեն ընկերներ դարձած նախագծի մասնակիցները համատեղ կստեղծեն գեղեցիկ աշխատանքներ արվեստի տարբեր ճյուղերում, զուգահեռաբար հանգստանալով և վայելելով դիլիջանյան հաճելի բնությունը, իսկ օրը կավարտվի տոնական համերգով, որը կկայանա Էդվարդ Միրզոյանի անվան Դիլիջանի ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում: Հատկանշական է, որ այդ գեղեցիկ տոնական համերգին իրենց մասնակցությունը կունենան <<Արևներ>> մանկապատանեկան խմբի, Երևանի Սարաջևի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի, Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան դպրոցի պարային ստուդիայի սաները (գեղ. ղեկավար և պարուսույց՝ Արթուր Գրիգորյան), ինչպես նաև այդ համերգի հատուկ հյուր երգչուհի Դալիթան: Համերգը կկայանա օգոստոսի 28-ին, ժամը 16:00-ին: Բոլոր ցանկացողների համար մուտքն ազատ է:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27