Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օծվեց Գանձաքարի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

23.08.2014

  Այսօր առանձնահատուկ օր էր Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի Գանձաքար գյուղի բնակիչների համար: 2014թ. օգոստոսի 23-ին գյուղի հավատավոր ժողովրդի առջև իր դռները բացեց նորակառույց Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, և համայնքն ունեցավ իր հավատքի տունը, իր աղոթատեղին: Իսկ եկեղեցին ուկրաինաբնակ գանձաքարցի Վրույր Մարությանի նվերն է հարազատ գյուղին, որ բարերարը կառուցել է ի հիշատակ իր հոր՝ Ցոլակ Մարությանի: Եկեղեցու օծման արարողությանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, մարզի հոգևոր դասը, բազմաթիվ հյուրեր հեռու ու մոտ վայրերից, ամբողջ գյուղը: Եկեղեցու օծման հանդիսավոր կարգը կատարվեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի ձեռամբ: Արարողությունն սկսվեց <<Դռնբացեք>>-ով, որից հետո օծվեցին եկեղեցու 16 սյուները, այնուհետև մատուցվեց Սբ. Պատարագ:
  Գյուղի կենտրոնում կառուցված եկեղեցու ճարտարապետն է մեր հայրենակից Միսակ Մելքումյանը: Այն ուղղանկյուն կենտրոնագմբեթ կառույց է՝ 8,5 x 7, 5 մետր չափերով, 16,5 մետր բարձրությամբ: Կառուցված է <<Անի>> պեմզաքարից: Կառույցը քանդակազարդ է, զարդարված որմնանկարներով: Եկեղեցուն կից կառուցված է կիրակնօրյա դպրոցի շենք: Եկեղեցին աչքի է ընկնում իր հարմարավետ դիրքով, բարեկարգ ու խնամված տարածքով: Վայր, որտեղ մարդ կարող է հոգեպես խաղաղվել ու խոսել Աստծու հետ:
  Աստծու նորակառույց տան օծումից հետո բացօթյա մեծ միջոցառում էր կազմակերպվել եկեղեցուն հարող տարածքում: Այստեղ օրվա առթիվ գանձաքարցիներին շնորհավորեցին համայնքի ղեկավար Շահեն Շահինյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, բարերար Վրույր Մարությանը, բարերարի մայրը՝ Ամալյա Դովլաթբեկյանը, գյուղի մտավորականության ներկայացուցիչներ: Շնորհավորանքի խոսքերին հաջորդեց գեղարվեստական մասը: Իսկ վերջում բոլորին սպասում էին մատաղի հյուրընկալ սեղանները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27