Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեղրի ու հատապտուղների երրորդ փառատոնը Բերդում

18.08.2014

  Օգոստոսի 17-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում կրկնակի տոն էր. Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը Բերդի Սորանի այգիներում տեղի ունեցավ նաև արդեն ավանդական դարձած «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը», որը կազմակերպել էին «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» hիմնադրամը, Բերդի քաղաքապետարանը եւ «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամը՝ համագործակցությամբ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության եւ Բերդի կանանց ռեսուրս կենտրոնի: Միջոցառման կազմակերպիչների գլխավոր նպատակն է փառատոնի միջոցով նպաստել Տավուշի մարզի Բերդ համայնքի տնտեսական զարգացմանը։ Փառատոնն իրենց մասնակցությամբ պատվել էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Կարեն Ադամյանը: Մեղրատոնը Բերդ քաղաքի Սորանի այգիներ էր բերել ոչ միայն տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի մեղվաբույծներին ու բնակիչներին, այլև Երևանից ու արտասահմանից ժամանած բազմաթիվ հյուրերի ու զբոսաշրջիկների:
Ժողովրդական տոնախմբության վերածված փառատոնն սկսվեց խաղողօրհնեքի արարողությամբ, որը կատարեց Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Միրզոյանը: Իսկ փառատոնի հիմնական մասնակիցները Տավուշի մարզի տարբեր համայնքների բնակիչներն էին, ովքեր ներկայացրել էին մարզի գործարաններում պատրաստված մեղրը, պահածոները, ինչպես նաեւ հատապտուղները։
  «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի նախագահ, փառատոնի կազմակերպիչ Հայկ Չոբանյանի խոսքերով Տավուշը յուրահատուկ տարածաշրջան է, հատկապես յուրահատուկ է իր բնակիչներով և շատ կարևոր է այս ժողովրդի կողքին լինելը, նրան հնարավորինս աջակցելը: <<Ընդհանրապես Տավուշի մարզին պետք է հատուկ կարգավիճակ տալ: Նման միջոցառումներն էլ շատ կարևոր են ուշադրության տեսանկյունից, նաև նրա համար, որ տեղացիները կարողանան իրենց արտադրանքն իրացնել»,-ասաց նա։ Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանն էլ նշեց, որ սահմանագոտում իրականացվող ցանկացած նման իրադարձություն ոգևորում և ներշնչում է տեղի բնակիչներին, իսկ Մեղրի ու հատապտուղների փառատոնն ավանդական է, անցկացվում է երրորդ անգամ, ու արդեն իսկ դարձել է սահմանապահ տարածաշրջանի բրենդը:
 Տոնական օրն առավել հետաքրքիր դարձրին հրավիրված երգիչներն ու երաժիշտներն իրենց վարպետ կատարումներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:13:09