Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԶԾ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ

15.08.2014

 Օգոստոսի 15-ին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Ռադոսլավ Ժեհակին: Խորհրդակցությանը մասնակցում էին Տավուշի մարզպետարանի կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտի պատասխանատուները, սահմանամերձ Բերքաբեր և Վազաշեն համայնքների ղեկավարները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռադոսլավ Ժեհակը ներկայացրեց աշխատանքային իր թիմը, որի կազմում էին ինչպես ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /ՅՈՒՆԻՍԵՖ/, այնպես էլ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի /ՄԱԶԾ/ ներկայացուցիչներ: Նշեց, որ հետաքրքրված են վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի ազդեցությամբ մարզի կրթական, առողջապահական, սոցիալական ոլորտների գործունեության վրա, բնակչության հոգեբանական վիճակով և իրենց այցի նպատակն է վեր հանել ընդհանուր խնդիրները, լսել առաջարկություններ ու կարծիքներ դրանց լուծման վերաբերյալ: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց մարզի խնդիրներով մտահոգվելու համար, սահմանամերձ հատվածում տեղի ունեցած վերջին դեպքերի հետ կապված, կարևորեց մեր ժողովրդի համախմբվածությունը: Նշեց, որ մարզի 62 համայնքներից ՀՀ կառավարության որոշմամբ 45-ը ճանաչվել են սահմանամերձ, իսկ նրանցից անմիջական գնդակոծության տակ են 16-ը, որոնք էլ մեծ վնասներ են կրել: Դեպքերին արագ արձագանքել են ՀՀ կառավարությունը, անձամբ երկրի վարչապետը, Տավուշի մարզպետը: Սահմանին գտնվող գյուղերը եղել են նրանց ամենօրյա ուշադրության կենտրոնում: Բնակչության շրջանում խուճապ չի առաջացել, քանի որ իրավիճակը մշտապես վերահսկվել է և ժողովուրդն էլ գիտակցում է, որ իր կողքին ունի հզոր ու իր անվտանգությունը երաշխավորող բանակ: Անդրադառնալով լարվածության գոտում երեխաների անվտանգության հարցին՝ մարզպետի տեղակալը նշեց, որ կան դպրոցներ, մանկապարտեզներ, որոնք ապահով տեղում են, թշնամու կողմից դիտարկելի չեն, սակայն կան նաև այնպիսիք, որոնք խիստ ռիսկային դիրքում են, և այնտեղ պաշտպանիչ պատերի կանգնեցման անհրաժեշտություն կա: Ռադոսլավ Ժեհակը հավաստիացրեց, որ բարձրացված հարցերը կփոխանցի իր վերադասին, իսկ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ Տավուշի մարզի համար մեծ ու համապարփակ մի ծրագիր են ներկայացրել ՌԴ-ին, որում ներառված են սահմանամերձ համայնքների զարգացման բոլոր բաղադրիչները և հույս հայտնեց, որ այն մեծապես կնպաստի թե բնակչության կենսապայմանների բարելավմանը և թե արտագաղթի կանխմանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56