Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը Տավուշի մարզ

04.08.2014

 Օգոստոսի 3-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեցին ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ համայնքներ: Վարչապետին ուղեկցում էին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, երրորդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանը: Այցելության ընթացքում տեղի ունեցավ հանդիպում սահմանամերձ համայնքների ղեկավարների և այլ պաշտոնատար անձանց հետ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակի հրամանատարության և ողջ անձնակազմի անունից ողջունելով ներկաներին՝ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին սահմանամերձ բնակավայրերի խնդիրների նկատմամբ կառավարության հատուկ ուշադրության համար, կարևորեց բնակչության ու զինվորականության միասնականությունը հայրենիքի պաշտպանության գործում՝ նշելով, որ բանակը գտնվում է կառավարության մշտական ուշադրության կենտրոնում:
Սահմանամերձ բնակավայրերի համայնքների ղեկավարները խոսեցին երկրի պաշտպանունակության ամրապնդման հարցում իրենց հուզող խնդիրների մասին: Նշվեց, որ էլ ավելի են համալրվում պայմանագրային զինծառայողների շարքերը: Ամենօրյա ուշադրության կենտրոնում են նրանց կենսապայմանների բարելավման հարցերը: Առաջարկություն եղավ հնարավորինս բարձրացնել պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը: Ի պատասխան Հովիկ Աբրահամյանը նշեց, որ առաջնահերթ է պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացման խնդիրը, իսկ կառավարության ուշադրությունը սահմանապահ գյուղերի նկատմամբ գերակա խնդիր է: Վարչապետը հավաստիացրեց, որ կառավարության կողմից օրենքի նախագիծ է մշակվում սահմանամերձ գոտում գործարարությամբ զբաղվող գործարարներին հարկից ազատելու մասին, որը հնարավորություն կտա սահմանապահ գյուղերում աշխատատեղեր ավելացնել:
  Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ պաշտպանության նախարարության աշխատավարձերի բարձրացումը սկսվել է դեռևս այս տարվա հունվարի մեկից, իսկ հուլիսի մեկից անցել են վարձատրման նոր ձևաչափի: Նշեց, որ աշխատավարձերի բարձրացումը շարունակական է, և այսօր սահմանամերձ բնակավայրերի պայմանագրային զինծառայողները ստանում են նաև հավելավճար: Իսկ մոտ 20 հազար հաշմանդամ զինծառայողների ընտանիքների պատվովճարների ավելացում է տեղի ունեցել:
  Առաջարկություն եղավ սահմանանմերձ բնակավայրերում բնակիչների գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարների զեղչման վերաբերյալ, որին ի պատասխան ՀՀ վարչապետը խոստացավ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել և ելքեր փնտրել հարցին դրական լուծում տալու համար: Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը իրենց շնորհակալությունը հայտնեցին Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչներին՝ փոխըմբռնման և հայրենիքի սահմանն անառիկ պահելու համար: ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն էլ շնորհակալություն հայտնեց Վարչապետին այցելության և սահմանամերձ մարզի խնդիրները ՀՀ կառավարության մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03