Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը

21.07.2014

Հուլիսի 18-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ նախարարը առաջինն այցելեց Այգեձոր համայնք, որտեղ ծանոթացավ «Էկոգարդեն արտադրական կորպորացիա» ՍՊԸ-ի գործունեությանը: Ընկերությունը, որ հիմնադրվել է 2011 թվականին, այսօր ունի 45 աշխատող և գյուղացիական տնտեսություններից մթերում է պտղի և բանջարեղենի գրեթե բոլոր տեսակները: Տարեկան այստեղ արտադրվում են շուրջ 200 տոննա տարբեր տեսակի մուրաբաներ, պահածոներ, հյութեր, մարինացված բանջարեղեն: Առաջիկայում նախատեսվում է հիմնել հատապտուղների մշակության նոր պլանտացիաներ, ինչը հնարավորություն կտա երկարացնել արտադրության ժամանակահատվածը, ընդլայնել արտադրանքի ծավալներն ու ավելացնել աշխատատեղերը: Այս առումով ընկերությունն աջակցության անհրաժեշտություն ունի, այդ թվում նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից: Նախարարը խնդրեց որոշակիացնել սպասվող օժանդակությունը և խոստացավ հնարավորինս օգտակար լինել ընկերությանը: Նախարարի հաջորդ հանդիպումները Չինարի, Այգեձոր, Արծվաբերդ և Բերդ համայնքներում էին, որտեղ գերատեսչության ղեկավարը խոսեց գյուղացիներ հետ, լսեց նրանց հուզող հարցերը՝ կապված հիմնականում պետական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունների հետ: Հատկապես կարևորվեց «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրում ընդգրկվելու խնդիրը, քանի որ նշված համայնքների ղեկավարները դրա հետ են կապում իրենց համայնքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման հեռանկարը: Բարձրացված հարցերին նախարարը խոստացավ ընթացք տալ՝ վերջիններիս լուծման հնարավորություններին հանգամանորեն ծանոթանալուց հետո: Արծվաբերդում նախարարը եղավ նաև սերմնաբուծական տնտեսության դաշտերում, ծանոթացավ ցորենի, լոբու և եգիպտացորենի ցանքերին: Չինարի համայնքում, ինչպես նաև սահմանամերձ մյուս գյուղերում, ուր այցելության ընթացքում եղավ նախարարը, դժվարին պայմաններում կարողանում են նույնիսկ ավելացնել ցանքերի տարածքները: Չինարիում, օրինակ, 60 հեկտարով ավելացվել են ցորենի ցանքսերը: Նախարարին այստեղ խնդրեցին օժանդակել 5 հեկտարի համար ցորենի էլիտային սերմացուի և ցանքի համար դիզվառելիքի ձեռքբերման հարցում, որին ի պատասխան Սերգո Կարապետյանը խոստացավ անհատույց տրամադրել նշված սերմացուն և դիզվառելիքը: Չինարիում հարց բարձրացվեց նաև 3կմ ոռոգման ջրագծի ներտնտեսային ցանցը ընդլայնելու վերաբերյալ: Մարզպետ Հովիկ Աբովյանը խոստացավ լուծել հարցը, իսկ աշխատանքները կկատարվեն գյուղացիների ուժերով: Գյուղացիներին անհանգստացնող հարցերից էր նաև գյուղի մանկապարտեզի անվտանգության համար պաշտպանիչ պատի կառուցումը: Մարզի ղեկավարը խոստացավ համապատասխան մասնագետներ ուղարկել հարցը տեղում ուսումնասիրելու և համապատասխան լուծում տալու համար:
Այցելության ավարտին նախարարը Բերդ քաղաքում հանդիպում ունեցավ մի խումբ տնտեսվարողների և մասնագետների հետ, ովքեր բարձրացրին գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեությանը խոչընդոտող մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում էին հողերի մասնատվածության վերացմանը, տնտեսությունների խոշորացմանը, գյուղտեխնիկայի և սարքավորումների ձեռքբերմանը և այլն: Սերգո Կարապետյանը այստեղ նույնպես խոստացավ մանրամասն ուսումնասիրել բարձրացված հարցերը և հնարավորինս օժանդակել դրանց լուծմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56