Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մերօրյա հերոսի մասին պատմող գրքի շնորհանդես ոստիկանությունում

17.07.2014

Հուլիսի 17-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում տեղի ունեցավ Թելման Մայիլյանի <<Կյանքը՝ հանուն կյանքի>> գրքի շնորհանդեսը: Գիրքը պատմում է մեր հայրենակից, ոստիկանության կապիտան Հայկ Մուշեղի Ղալումյանի մասին, ով իր կյանքը հերոսաբար զոհաբերեց ծառայողական պարտքը կատարելիս: Սկսած 1994 թվականից շուրջ տասը տարի Հայկ Ղալումյանը ոստիկանության համակարգում էր: Աշխատանքային մկրտությունն ստացել էր ոստիկանության Դիլիջանի բաժնին կից պահպանության բաժանմունքում որպես դասակի հրամանատար: Երեք տարի անց տեղափոխվել է Երևան քաղաքի ոստիկանության Մաշտոցի բաժին և աշխատել որպես տեղամասի տեսուչ: Իսկ 1999թ. հունիսից նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերլիազոր էր: Աշխատանքի ընթացքում արժանացել է գերազանց ծառայության մեդալի, բազմաթիվ խրախուսանքների և շնորհակալագրերի: Հայկ Ղալումյանը բարձր պատասխանատվությամբ էր կատարում քրեական հետախույզի բարդ ու դժվարին գործը: Սակայն 2004թ. մայիսի 22-ի դիպվածը ճակատագրական եղավ նրա համար. մինչև ատամները զինված վտանգավոր հանցագործին վնասազերծելու ժամանակ, իր վրա վերցնելով ողջ գործողության պատասխանատվությունը, Հայկը զոհվեց կենաց ու մահու պայքարում, զոհվեց՝ փրկելով իր ընկերների և մյուսների կյանքը:
Շնորհանդեսին ներկա էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, ոստիկանության մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանը, Հայկի ծնողներն ու հարազատները, ոստիկանության աշխատակիցներ ու վետերաններ, բազմաթիվ հյուրեր: Միջոցառումն սկսվեց հարգանքի տուրքով: Զինվորական նվագախմբի հնչյունների ներքո ծաղիկներ դրվեցին ոստիկանության շենքի հարակից տարածքում կառուցված <<Իրավակարգի զինվորին>> հուշարձանին: Այնուհետև՝ ծանոթություն մերօրյա հերոսի կյանքն ու աշխատանքային գործունեությունը նեկայացնող լուսանկարների ցուցահանդեսին, որին հաջորդեց արդեն միջոցառման հանդիսավոր մասը դահլիճում: Հանդիսությունն սկսվեց Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանի օրհնությամբ ու աղոթքով: Հայկ Ղալումյանի դպրոցական տարիներից հետաքրքիր հուշեր պատմեցին նրա ուսուցիչները: Գրքի մասին խոսեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոս Ալիսա Հասանյանը: Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն իր շնորհակալություը հայտնեց Թելման Մայիլյանին <<Կյանքը՝ հանուն կյանքի>> գրքի ստեղծման համար՝ նրան պարգևատրելով նվերով և պատվոգրով: Իր հերթին գրքի հեղինակը ներկայացրեց ստեղծագործության պատմությունը: Առանձնապես սրտառուչ էր հերոսի մոր՝ Անյա Մատինյանի խոսքը, ով հուզմունքով ու հպարտությամբ ասաց, որ եթե տասը տղա էլ ունենար, ապա վստահ է, որ բոլորն էլ Հայկի նման կլինեին: Իսկ օգոստոսի 10-ին Հայկը կդառնար 45 տարեկան…
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59