Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ. «Կընդգրկվեն երիտասարդ, եռանդուն, բանիմաց աշխատակիցներ»

14.07.2014

Հուլիսի 11-ին Տավուշի մարզպետարանում հարցազրույց ունեցանք մարզպետ Հովիկ Աբովյանի հետ, որը ներկայացնում ենք ստորեւ:


-Դուք միշտ բնակվել ու բնակվում եք հայրենի Կողբ գյուղում: Ձեզ համար դժվա՞ր չէ ամեն օր Իջեւան մեկնելու եւ վերադառնալու համար մոտ 140 կմ ճանապարհ կտրել: Ամենօրյա այդ ուղեւորությունները մարզը ճանաչելու առումով ի՞նչ են տալիս:

- Ոչ ոք իր հայրենիքից չի ձանձրանա, չի հոգնի, որքան էլ ճանապարհը երկար է: Որպես մարզպետ ի պաշտոնե պարտավորված եմ զգում հաճախ լինել տարածքներում, գնալ-գալով բազում համայնքներով անցնում եմ, եւս մի անգամ նայում եմ, թե ինչ աշխատանքներ են կատարվում, տարածքներում ինչ խնդիրներ կան: Բնականաբար, ճանապահը հոգնեցնող է, սակայն ես իմ աշխատանքի մեջ չեմ հոգնում:

-Եղել եք մարզի սահմանամերձ գոտում, ուր գրեթե ամեն օր գնդակոծություններ են լինում: Պետությունը ի՞նչ է անում սահմանամերձ գյուղերին օգնելու համար:

-Մինչ իմ մարզպետ պաշտոնավարելն էլ պետության կողմից սահմանամերձ գոտիներում աջակցություն ցուցաբերվել է, ռմբակոծված տների վերանորոգման համար աջակցություն է տրվել, պետական օգնությամբ նոր տներ են գնվել, կամ գումարով փոխհատուցում է տրվել կամ՝ տուն է գնվել այդ անձանց համար: Մի քանի օր առաջ վարչապետն այցելեց սահմանամերձ Մովսես եւ Այգեպար, եղանք Վերին Կարմիրաղբյուրում, փոխվարչապետի հետ եղել ենք Այգեպարում: Անցած երկու ամսվա ընթացքում ես մի քանի անգամ եղել եմ Բերդի սահմանագոտում: Վարչապետի այցից հետո Մովսես գյուղն ունեցավ կոմբայն, որի վերաբերյալ այցի ընթացքում էինք պայմանավորվել, փոխվարչապետը խոստացել էր: Կառավարության ծրագրով գումար է հատկացվել Վերին Կարմիրաղբյուր համայնքին, որպեսզի ձեռք բերվի հացահատիկահավաք կոմբայն: Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետը գործուղվել է Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաք, որտեղից ձեռք է բերելու կոմբայնը: Հաշվառվում է Մովսես գյուղի ուսանողների թիվը, վարչապետն իր վրա է վերցնել նրանց ուսման վարձը վճարելու հարցը: Հանրապետության վարչապետը խոստացել է, որ իր ֆոնդից է վճարելու Մովսես գյուղի բնական գազի սպասարկման վարձը: Վերին Կարմիրաղբյուր այցի շրջանակներում տրանսպորտի եւ կապի նախարարը խոստացավ մարդատար մեքենա, օրերս այդ մեքենան կտրվի: Աջակցության այլ ծրագրեր կան, դրանց մի մասն արդեն արվել է, մյուսներն ընթացքի մեջ են:

-Ձեր կադրային քաղաքականության մեջ ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվելու: Արդեն մարզպետարանում կադրային որոշ փոփոխություններ են արվել, առաջիկայում փոփոխություններ սպասվո՞ւմ են:

- Կադրային քաղաքականության մեջ լինելու է հետեւյալ մոտեցումը՝ կընդգրկվեն որակյալ, երիտասարդ կադրեր, ովքեր պատրաստ են աշխատելու: Ես կցանկանայի մեր մարզային ենթակառուցվածքներում հիմնականում տեսնել երիտասարդ, բանիմաց, եռանդուն աշխատակիցների, ովքեր կարող են իրենց առջեւ դրված բոլոր հանձնարարությունները կատարել: Այո, արդեն եղել են փոփոխություններ, փոփոխություններ լինելու են իմ պաշտոնավարության ամբողջ ընթացում, թե որ ոլորտում՝ ե՞րբ, դա, իհարկե, ժամանակը ցույց կտա: Պահանջելու եմ որակյալ աշխատանք, որակյալ կրթական համակարգ, ամեն ինչ արվելու է, որպեսզի այդ որակն ապահովվի:


Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

www.aravot.am
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57