Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր
07.07.2014
Հուլիսի 5-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության ներկայացուցիչների հետ ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ այցելեց Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես և Վերին Կարմիրաղբյուր համայնքներ:
Կառավարության ղեկավարը նախ ծանոթացավ սահմանամերձ գոտում գտնվող Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի կառուցման ընթացիկ աշխատանքներին: Քննարկվեց շինարարական աշխատանքների իրականացման հետ կապված հարցեր:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այնուհետև մեկնեց Մովսես համայնք: Զրուցեց համայնքի բնակիչների հետ, ծանոթացավ նրանց խնդիրներին և հուզող հարցերին: Բնակիչների կողմից բարձրացվեց հացահատիկահավաք կոմբայնի բացակայության, ոռոգման ներքին ցանցի վերանորոգման, գյուղի շուրջ 30 ուսանողների ուսման վարձի հետ կապված հարցեր: Զրույցի արդյունքում վարչապետը խոստացավ լուծում տալ բնակիչների համար առաջնային մի շարք խնդիրների:
Հաջորդ կանգառը Վերին Կարմիրաղբյուր համայնքն էր: Բնակիչների խնդիրների հետ կապված՝ Տավուշ(Թովուզ) - Վերին Կարմիրաղբյուր - Ներքին Կարմիրաղբյուր ոռոգման ջրագծի 2.5կմ հատվածի կառուցման, սահմանամերձ համայնքներին տրվող արտոնություններից օգտվելու, համայնքի տրանսպորտային կապի, մանկապարտեզի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման, կառավարության ղեկավարը տեղեկացրեց, որ համայնքն առաջիկայում կհամալրվի նոր կոմբայնով. մյուս հարցերի հետ կապված վարչապետը հանձնարարականներ տվեց համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին: Քննարկվեցին համայնքային նշանակության այլ հարցեր ևս: Վարչապետը իր խոսքում նշեց, որ կառավարությունը միշտ պատրաստ է ցուցաբերել աջակցություն սահմանամերձ համայնքներին:








