Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզխորհրդի նիստին ներկա էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը

03.06.2014

   Հունիսի 3-ին տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի նիստը, որին ներկա էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նիստը վարեց ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Օրակարգի առաջին հարցով Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը ներկայացրեց մարզի համայնքների 2014թ. տեղական բյուջեների եկամուտների 5 ամսվա կատարողականը: Նշվեց, որ հունիսի 1-ի դրությամբ մարզի համայնքների եկամուտների փաստացի մուտքը կազմել է 1099.6 մլն. դրամ, որը եռամսյակային համամասնություններով սահմանված եկամուտների 98,8%-ն է, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 266.8 մլն. դրամ կամ կատարվել է նախատեսվածի 96.6 %-ը: 2014 թվականի հունիսի 1-ի դրությամբ մարզի համայնքների սեփական եկամուտները 2013 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավել են հավաքագրվել 59.1 մլն. դրամով, բացառությամբ հողի հարկի, որի մասով պակաս է հավաքագրվել 568.5 հազար դրամ և տեղական տուրքի մասով՝ 802.6 հազար դրամով: Այնուհետև զեկուցողը ըստ առանձին եկամտատեսակների ներկայացրեց սեփական եկամուտների կատարողականները՝ մատնանշելով այն համայնքները, որոնք ցածր արդյունք են ունեցել: Նշվեց, որ համայնքների կողմից պատշաճ ուշադրություն չի դարձվում հողի հարկի բազաների ճշգրտման, հավաքագրված գումարները տեղեկատվական ավտոմատացված համակարգ մուտքագրմանը: Համայնքների ղեկավարներին առաջարկվեց համայնքների միությունների հետ ամենօրյա հետևողական աշխատանք իրականացնել սեղմ ժամկետում հողի հարկի շտեմարանների տվյալների ճշգրտման, փաստացի հավաքագրված գումարներն ըստ հարկատուների տեղեկատվական ավտոմատացված համակարգ մուտքագրելու ուղղությամբ և իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել մարզպետարան:
  Օրակարգի հաջորդ հարցով Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը մանրամասն ներկայացրեց ինչպես 2014թ. գյուղատնտեսական աշխատանքները, այնպես էլ խնդիրները: Զեկուցողն անդրադարձավ նաև գարնան վերջին ամիսներին ցրտահարության պատճառած վնասներին՝ նշելով, որ 2014 թվականի մարտի 29-31-ին մարզի տարածքում արձանագրված ցրտահարության հետևանքով գյուղացիական տնտեսություններին պատճառած վնասները մեղմելու նպատակով մարզին տրամադրվել է 16 կգ լոլիկի, 25 կգ վարունգի, 20 կգ սեխի և ձմերուկի սերմացուներ, որն ամբողջությամբ ներկրվել է համայնքներ: Անդրադարձ եղավ նաև գյուղտեխնիկայի թարմացման խնդիրներին:
  Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր ելույթում ոլորտ առ ոլորտ արձանագրեց եղած ձեռքբերումները, առկա խնդիրները և անելիքները: Նշվեց, որ նոր կառավարության ծրագրում հատուկ շեշտադրված է աջակցությունը սահմանամերձ համայնքներին և այսուհետև էլ շարունակվելու են պետական աջակցության ծրագրերը սերմացուների, անասնակերի համար սերմերի, պարարտանյութերի և դիզվառելիքի տրամադրման գործում: Անասնապահության ոլորտի համար կարևորվեց պետության կողմից իրականացվող՝ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը, որով 10 համայնքում արդեն ստեղծվել են կոոպերատիվներ: Այս տարի ևս 6 համայնք է ընդգրկվել ծրագրում, և մինչև տարեվերջ դրանց թիվը կավելանա: Ծրագիրն ունի նաև 2-րդ փուլ, որի ընթացքում նախատեսվում է հանրապետությունում ստեղծել 10 սպանդանոց, այդ թվում նաև` Տավուշի մարզում: Անդրադարձ եղավ անտառտնտեսությունների աշխատանքին, բնակլիմայական ռիսկերի նվազեցմանը: Նախարարը պատասխանեց նաև համայնքների ղեկավարներին հուզող հարցերին՝ կապված խաղողի, պտղի, կաթի մթերման, տեխնիկայի ձեռքբերման, անասնաբուժական ծառայությունների հետ:
  Նիստի ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալից ավանդի ու բեղմնավոր աշխատանքի համար գյուղնախարարը ոսկե մեդալով պարգևատրեց Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանին և Այգեհովիտ համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանին: Գյուղատնտեսության ոլորտի մի շարք աշխատողներ էլ արժանացան շնորհակալագրերի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56