Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանն իմ անունն է…

22.05.2014

 Հայրենասիրական դաստիարակությունը դպրոցում դաստիարակության կարևորագույն օղակներից մեկն է, քանի որ մանկությունն ու պատանեկությունը ամենանպաստավոր շրջանն են երեխայի մոտ հայրենիքի մասին ճիշտ պատկերացումներ ձևավորելու, հայրենիքի հանդեպ սիրո զգացում արմատավորելու և հայրենիքի պաշտպանի գիտակցում սերմանելու գործում: Այս նպատակով բազմատեսակ միջոցառումներ են կազմակերպվում Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում: Հայրենասիրության մի յուրատեսակ դաս էր ուսումնական տարվա ավարտին այստեղ կազմակերպված հերթական միջոցառումը, որի հեղինակը դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Լիլի Հարությունյանն էր: Կրթօջախի հանդիսությունների սրահը լեփ-լեցուն էր: Այստեղ էին դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, ծնողներ ու հյուրեր: Հանդիսությունը խորհրդանշական խորագիր ուներ՝ <<Հայաստանն իմ անունն է, ազգանունն է>>: Դահլիճում ուրախ տրամադրությունն էր թևածում, իսկ գերիշխող գույներն էին կարմիրը, կապույտը և նարնջագույնը: Մեկ միջոցառման մեջ ամփոփվել էին հայ ժողովրդի համար ամենաթանկ ու նվիրական բոլոր տոները: Հանդիսությունն սկսվեց Հայաստանի Հանրապետության հիմնով: Այնուհետև երեխաներն ըստ ժամանակագրության ներկայացրին անկախ Հայաստանի անցած ուղին՝ սկսելով այն 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության հռչակման պատմությունից: Իսկ ահա 1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության Հռչակագրի ընդունումից հետո, ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե, որով հայ ժողովուրդը միասնաբար <<այո>> ասաց իր երրորդ հանրապետության անկախությանը: Ներկայացվեցին նաև կադրեր արցախյան ազատամարտի ու այդ պայքարում իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների մասին: Միջոցառման հանդիսավոր մասը մեջընդմիջվում էր հայրենասիրական երգերի խրոխտ կատարումով: Ցուցադրվեցին նաև պարային գեղեցիկ համարներ: Հետաքրքիր ու բովանդակալից միջոցառման առթիվ ներկաներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Ստեփան Կարապետյանը՝ երեխաներին մաղթելով ուրախ տրամադրություն, հաճելի ամառային արձակուրդներ ու նոր լիցքեր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59