Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին միջսահմանային տարածաշրջանների միջև հետագա համագործակցությանն առնչվող հարցեր

15.05.2014

 Մայիսի 14-ին Տավուշի մարզպետարանում քննարկվեցին Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության /ԱԳՏՀԱ/ ծրագրի շրջանակներում միջսահմանային տարածաշրջանների միջև հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Ծրագրի նպատակն է նպաստել Արևելյան գործընկերության երկրների սահմանակից շրջաններում կայուն տարածաշրջանային համագործակցությանը` սահմանամերձ շրջաններում առկա ընդհանուր խնդիրներին համատեղ լուծումներ գտնելու և մշակելու համար, միաժամանակ տնտեսական և սոցիալական զարգացմանն աջակցող համատեղ ծրագրերի միջոցով նպաստել տեղական համայնքների կենսապայմանների բարելավմանը: ԱԳՏՀԱ ծրագրին ՀՀ մարզերից ներգրավված են Լոռին, Շիրակը և Տավուշը, որոնք պետք է համագործակցեն Վրաստանի Սամցխե-Ջավախեթի և Քվեմո-Քարթիի շրջանների հետ: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Ընդհանուր բյուջեն կազմում է 12,5 միլիոն եվրո:
 Քննարկմանը հրավիրված էին համայնքների, մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության ծրագրի խորհրդատու Մարինե Միզանդարին նշեց, որ ԵՄ-ն նոր հնարավորություններ է բացում Հայաստան-Վրաստան տարածաշրջանային համագործակցության համար և իր այցի նպատակն է ծանոթանալ Տավուշի մարզում գործող կազմակերպությունների գործունեությանը և առաջարկել ներկայացնել ծրագրեր, որոնք հավանության դեպքում կֆինանսավորվեն և կիրականացվեն Արևելյան գործընկերության պետությունների տարածաշրջանային համագործակցության ծրագրի շրջանակներում: Նշվեց, որ մրցույթի հայտ կարող են ներկայացնել ոչ միայն տեղական մարմիններն ու քաղաքացիական հատվածը, այլև պետական կառույցները՝ դպրոցներ, մանկապարտեզներ, թանգարաններ և այլն: Ներկայացված ծրագրերը կֆինանսավորվեն 20000-250000 եվրոյի շրջանակներում:
   Ողջունելով հյուրին՝ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը հակիրճ ներկայացրեց իր նկատառումները ծրագրի վերաբերյալ: Նշվեց, որ մարզն ունի տարբեր ոլորտներում համագործակցության հարուստ փորձ, և որ Ստեփանավանում ԵՄ-ի կողմից կազմակերպված տարածաշրջանային կոնֆերանսում ինքը հանդես է եկել համապատասխան առաջարկություններով: Տավուշի մարզի համար առաջնահերթ համարվեց համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում: Կոնկրետ Քվեմո-Քարթիի շրջանը և Տավուշի մարզը ընդհանուր շատ բան ունեն այս ոլորտում, որը կարելի է համատեղ ծրագրերի միջոցով խթանել ու զարգացնել: Առաջարկվեց բիզնես տեղեկատուներ ունենալ, որոնք կողմերին հնարավորություն կտան ավելի լավ ճանաչելու միմյանց պոտենցիալ հնարավորությունները և զարգացնելու ընդհանուր զբոսաշրջային հարաբերությունները: Կարևորվեց համագործակցությունը նաև կրթության ոլորտում: Խորհրդակցության ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում, որի ժամանակ հետաքրքիր գաղափարներ առաջարկվեցին, որոնք, ըստ Մարինե Միզանդարիի, կարող են ներառվել ծրագրի մեջ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56