Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզի պատվիրակության աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն

14.05.2014

  Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հրավերով մայիսի 5-ից 7-ը եռօրյա աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետություն էր մեկնել ՀՀ Տավուշի մարզի պատվիրակությունը` մարզպետ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լ. Սարգսյանը, <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի տնօրեն Հ. Թումանյանը, <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի տնօրենի տեղակալ Ռ. Նավասարդյանը և <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի մասնագետ Լ. Օթարյանը:
   Այցի հիմնական նպատակն էր Ժուրայի շրջանում անասնապահության և գյուղական տուրիզմի ոլորտներում փորձի ուսումնասիրությունը, ինչպես նաև Տավուշի մարզում սպանդանոցի և անասնաշուկայի կառուցման վերաբերյալ քննարկումներն ու տեսակի ընտրությունը: Մինչ Ժուրայի շրջան մեկնելը պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայկական համայնքի նախագահ, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ղեկավար Պետրոս Թերզյանի հետ, քննարկել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը: Մայիսի 5-ին հայկական պատվիրակությունը Օ դը Սենի գլխավոր խորհրդի աշխատակիցներից և Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի ղեկավար աշխատակիցներից կազմված աշխատանքային խմբով հանդիպումներ է ունեցել Ժուրայի շրջանի վարչական կենտրոն Դոլ քաղաքում, այցելել երկու անասնապահական ֆերմա, ծանոթացել սիմենտալ ցեղատեսակի կովանոցների գործունեությանը: Աշխատանքային խմբին ընդունել է Դոլի քաղաքապետ, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ Ժան-Մարի Սերմիեն: Հանդիպման ընթացքում Տավուշի մարզպետը և Դոլի քաղաքապետը ներկայացրել են տարածաշրջանների վերաբերյալ տեղեկատվություն՝ կարևորելով հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ձեռքբերումները: Տավուշի մարզպետի առաջարկությամբ քննարկվել են նաև Տավուշի մարզի Դիլիջան և Ժուրայի շրջանի Դոլ քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցություն սկսելու հնարավորությունները: Ժուրայի շրջանի Շոմպանյոլ քաղաքում կազմակերպված հանդիպման ժամանակ քաղաքապետ Կլեմենտ Պեղիոտի և տարածաշրջանի գյուղատնտեսական ծրագրերի ղեկավար Դոմինիկ Շալիմոնի հետ ունեցած հանդիպման արդյունքում առաջարկություններ են արվել լավագույն փորձը Տավուշի մարզում կիրառելու ժամանակ համապատասխան մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար: Առանձին քննարկում է ծավալվել Ժուրայի տարածաշրջանում սպանդանոցի ստեղծման գործընթացի վերաբերյալ: Ֆրանսիական կողմը առաջարկել է սպանդանոցի կառուցման ժամանակ կարևորել հաշվարկները և կանխատեսումների իրատեսական լինելը: Քննարկվել են նաև տուրիզմի բնագավառի զարգացման հետ կապված հարցեր:
   Մայիսի 6-ի հանդիպումները հիմնականում վերաբերել են անտառածածկ տարածքներում անտառի կարողությունների դրական առավելությունները ընդհանուր տնտեսական զարգացման մեջ օգտագործելուն: Խումբը այցելել է «Անտիոփխիզ» փայտամշակման գործարան, որտեղ ծանոթացել է ոչ որակյալ փայտը կահույքի և շինարարական կոնստրուկցիաների արտադրության մեջ կիրառելու գործընթացներին: Փայտամշակման ձեռնարկություն կատարած այցելություններից հետո խումբը եղել է անտառտնտեսություններից մեկում և տեղում ծանոթացել անտառի կառավարման և շահագործման մեջ ֆրանսիական մոդելներին: Ծանոթություններ են եղել ինչպես պետական, այնպես էլ մասնավորեցված անտառկառավարմանը: Ֆրանսիացի մասնագետներն առաջարկներ են արել Տավուշի մարզում 20-50 հա անտառտնկման աշխատանքների իրականացման և ֆրանսիական փորձի կիրառման ուղղությամբ:
Այցելություն է կազմակերպվել նաև կաթի վերամշական կոոպերատիվ, որտեղ <<ՀիմնաՏավուշ>> հիմնադրամի մասնագետները ծանոթացել են պանրի արտադրության ֆրանսիական տեխնոլոգիաներին, կիրառվող սարքավորումներին:
  Ժուրայի սպանդանոց-ձեռնարկություն այցելության ժամանակ, որը պատկանում է շրջանի համայնքների միությանը, Տավուշի պատվիրակությունը ծանոթացել է սպանդանոցի ստեղծման բոլոր գործընթացներին: Սպանդանոցի արտադրամասերում քննարկվել են սարքավորումների ձեռքբերման և կիրառման հնարավորությունները: <<Մոմբելիեր>> ցեղատեսակի բուծմամբ զբաղվող ֆերմայում առաջարկություններ են արվել նշված ցեղատեսակի առավելությունները Տավուշում կիրառելու համար, իսկ ֆերմերները պատրատասկամություն են հայտնել Տավուշի մարզի Լուսաձորի ուսումնական կենտրոնում իրենց փորձը Տավուշի ֆերմերներին փոխանցելու գործում: Խումբն այցելել է նաև շրջանի Լենտ բնակավայր, ծանոթացել գյուղական և ճանաչողական տուրիզմի զարգացման բոլոր մանրամասներին, քննարկվել են Օ դը Սենի և Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից Տավուշի մարզում իրականացվող ծրագրերի շրջանակներում գյուղական տուրիզմի զարգացման խնդիրները:
   Այցի երրորդ օրը Օ դը Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հանդիպում են ունեցել Օ դը Սենի գլխավոր խորհրդի նախագահի նստավայրում, որտեղ ՀՀ Տավուշի մարզպետը ներկայացրել է Ֆրանսիայում տեղի ունեցած հանդիպումների արդյունքները, ձեռք բերված պայմանավորվածությունները և առաջարկություններ արել առաջիկայում Տավուշի մարզում իրականացվելիք ծրագրերի շուրջ: Իր հերթին գլխավոր խորհրդի նախագահը նշել է համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել աջակցել կատարված առաջարկություններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 15:47:21