Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

08.05.2014

   Սիրելի տավուշցիներ, Հայրենական մեծ պատերազմի ու Արցախյան ազատամարտի սիրելի վետերաններ, զինվորներ ու սպաներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ: Մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է, իսկ մայիսի 9-ը՝ կրկնակի հաղթանակի տոն: 1945 թվականի մայիսի 9-ին գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը ձեռք բերվեց նաև հայ ժողովրդի հերոս զավակների արյան ու մաքառումի գնով: Շատերը զոհվեցին այդ պատերազմում, մյուսները վերադարձան հերոսի կոչումով, մարտական շքանշաններով, մեդալներով ու պարգևներով: Ու քանի տարի էլ անցնի, պատերազմը երբեք չի մոռացվի, և միշտ անթեղված կրակի պես կորստյան ցավը կմխա մեր սրտերում: Բայց եթե չլինեին պատմությունից մեզ հասած հերոսական օրինակները, այսօր գուցեև չլինեին մերօրյա հերոսները, որոնք կարողացան անսասան պահել անկախ Հայաստանի սահմանները, ազատագրել Շուշին ու Արցախի շրջանները:
  Շուշիի ազատագրումը նոր փայլ ու իմաստ հաղորդեց խաղաղության տոնահանդես դարձած Հաղթանակի օրվան: Այն հայ ժողովրդի համար ոչ միայն ռազմական մեծ հաղթանակ էր, այլև պատմական, ազգային, հոգևոր-մշակութային արժեքների վերադարձ: Ու այս բոլոր ձեռքբերումների մեջ իրենց ուրույն տեղն ու դերն ունեն մեր նոր գոյամարտի ծնունդ հերոսները` երկրապահները: Հատկապես սահմանամերձ Տավուշի մարզում երբեք չի մոռացվի, թե ինչպես ադրբեջանական գրոհայինները 1990 թվականից սկսեցին զինված հարձակումներն Արցախում և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի ողջ երկայնքով: Այդ ժամանակ էր, որ ինքնաբուխ հայրենասիրությամբ ծնունդ առան հայ աշխարհազորայինների առաջին կամավորական ջոկատները, որոնք Հայաստանի սահմաններում մարտնչում էին թվական մեծ գերակշռություն ունեցող և անհամեմատ լավ զինված հակառակորդի դեմ: Ու պատահական չէ, որ մեր տոնացույցում ավելացավ ևս մեկ մայիսյան տոն` Երկրապահի օրը, որ նշվում է մայիսի 8-ին:
  Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Մեծ հայրենականում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձի, Երկրապահի օրվա և Շուշիի ազատագրման 22-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, մեր երկրի սահմաններին՝ հարատև խաղաղություն, ժողովրդին՝ բարօրություն ու բարեկեցություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03