Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Ֆրանսիա է մեկնել Տավուշի մարզի պատվիրակությունը

05.05.2014

  Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հրավերով մայիսի 5-ին եռօրյա աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետություն է մեկնել Տավուշի մարզի պատվիրակությունը` մարզպետ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ: Այցի շրջանակներում կքննարկվեն անասնապահության զարգացման գործընթացի, մասնավորապես մարզում մսի և մսամթերքների ժամանակակից արտադրություն կազմակերպելու և սպանդանոց կառուցելու հարցեր, պատվիրակությունը կայցելի նաև Ֆրանսիայի Յուրայի շրջան` սպանդանոցի տեսակն ընտրելու նպատակով:
 Նշենք, որ դեռևս 2010 թվականի մարտի 4-ին ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը Ֆրանսիայում Տավուշի մարզի և Օ-դը-Սեն նահանգի միջև ապակենտրոնացված համագործակցության հուշագիր են ստորագրել, որով կողմերը` Օ-դը-Սենի դեպարտամենտը և Տավուշի մարզպետարանը համաձայնության են եկել համագործակցել հանուն Տավուշի մարզի տնտեսական և սոցիալական զարգացման: 2010 թվականի մայիսին Պատրիկ Դևեջյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Տավուշի մարզ, տեղում ծանոթացել մարզի հիմնախնդիրներին: Իսկ մայիսի 22-ին Տավուշի մարզպետարանում ստորագրվել է համատեղ նկատառումների հուշագիր:
  Անցած տարիների ընթացքում Ֆրանսիայի հայկական հիմնադրամի անմիջական օժանդակությամբ և <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի միջոցով մի շարք ծրագրեր են իրականացվել գյուղատնտեսության ոլորտում` ուղղորդված Տավուշի մարզի գյուղական համայնքների զարգացմանն ու գյուղական աղքատության կրճատմանը: Ծրագրերը, որոնք բազմաթիվ են ու բազմաբովանդակ` ոռոգման համակարգերի բարելավում, ագրոբազաների ստեղծում, անասնապահության, տնկարանային տնտեսության զարգացում, սերմնարտադրություն, մեկնարկել են Իջևանի տարածաշրջանի գյուղերից /Լուսաձոր, Ակնաղբյուր, Խաշթառակ, Դիտավան, Ազատամուտ, Այգեհովիտ, Վազաշեն, Սարիգյուղ, Կիրանց և այլն/, այնուհետև տարածվել նաև Բերդի, Նոյեմբերյանի և Դիլիջանի տարածաշրջանների վրա: Համագործակցության արդյունքում ստեղծվել է <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամը, որը համակարգում, կազմակերպում և իրականացնում է նախատեսված ծրագրերը:
  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրոպայից ներկրված նոր ցեղատեսակի կովերի համար կառուցվել են մեկ հիմնական և երեք մինի ֆերմաներ, ու նաև ծրագրի շարունակականությունը /նախատեսվում է 2014 թվականին կառուցել ևս երեք մինի ֆերմա/, անասնապահության զարգացման գործընթացում անհրաժեշտություն է առաջացել մսի և մսամթերքների ժամանակակից արտադրություն կազմակերպելու համար: Հարցը բազմիցս քննարկվել է <<ՀիմնաՏավուշ>> հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում և արժանացել հավանության: 2013 թվականի հոկտեմբերին հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Օ-դը-Սենի գլխավոր խորհրդում քննարկում է տեղի ունեցել Օ-դը-Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի և ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի միջև, որին էլ հաջորդել է ներկայիս այցը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:26:56