Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մայիսմեկյան տոնական նվեր՝ բարերարներից

01.05.2014

 

  Մայիսմեկյան տոնական օրը ուկրաինաբնակ իջևանցի գործարարներ Անդրանիկ և Ֆրունզե Ղազարյանները հիանալի նվեր մատուցեցին իջևանցի իրենց փոքրիկ հայրենակիցներին: Քաղաքային զբոսայգում տեղի ունեցավ բարերարների միջոցներով կառուցված մանկական խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը՝ անսահման ուրախություն պատճառելով ոչ միայն երեխաներին, այլև նրանց ծնողներին ու բոլոր իջևանցիներին: Խաղահրապարակի բացմանը Ուկրաինայից ժամանել էին անձամբ բարերարները:
  Տոնական օրվա ու խաղահրապարակի բացման առթիվ շնորհավորելով ներկաներին՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը միաժամանակ իր շնորհակալությունը հայտնեց <<<Պատվավոր Տավուշեցի>> Անդրանիկ Ղազարյանին և Ֆրունզե Ղազարյանին գեղեցիկ նվերի համար, նշելով, որ եղբայրները բազմաթիվ բարեգործությունների հեղինակ են մարզում, այդ թվում նաև Իջևանում կառուցված Սբ. Ամենափրկիչ հոյակերտ եկեղեցու:
 Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը ևս օրվա առթիվ շնորհավորեց միջոցառման մասնակիցներին և քաղաքում կատարած բարեգործությունների համար շնորհակալագրեր հանձնեց Ղազարյան եղբայրներին, իսկ Ֆրունզե Ղազարյանին՝ նաև Իջևանի պատվավոր քաղաքացու կոչման հավաստագիր: Բարերարներին գեղանկարի տեսքով նվերներ հանձնվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Իջևանի պատկերասրահի տնօրեն Սամվել Մելքումյանի կողմից:
  Անդրանիկ Ղազարյանի խոսքերով, Իջևանն իր մեծ տունն է, իջևանցիներն՝ իր մեծ ընտանիքի անդամները, և այսուհետ էլ շարունակելու է աջակցությունն իր հարազատ քաղաքին: Բարերարը խոստացավ, որ նման խաղահրապարակներ կկառուցվեն նաև քաղաքի այլ մասերում:
  Միջոցառմանն առանձնակի հմայք հաղորդեցին զինվորական նվագախմբի, Իջևանի արվեստի դպրոցի <<Փյունիկ>> պարային համույթի և Իջևանի երաժշտական դպրոցի ժողգործիքների համույթի կատարումները: Նորակառույց խաղահրապարկի մուտքի կարմիր ժապավենը կտրելուց հետո բացմանը մասնակից հարյուրավոր երեխաները շտապեցին խաղահրապարակ, որտեղ նրանց համար ստեղծված են բոլոր հնարավորությունները իրենց հանգիստն ու ժամանցը գեղեցիկ ու հարմարավետ պայմաններում անցկացնելու համար:
 Տոնախմբության մի մասն էր կազմում բոլոր երեխաների համար բարերարների կողմից նախատեսված անակնկալը՝ պաղպաղակի հյուրասիրությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57