Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ավստրիացի հյուրերը ծանոթացան<<Ներառական համայնք>> ծրագրի աշխատանքների ընթացքին
29.04.2014
Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունեց ներառական ոլորտին վերաբերող հարցերով Ավստրիայից ժամանած աշխատանքային խմբին` Ավստրիայի զարգացման գործակալություն ՀԿ սեկտորի պատասխանատու Անդրեա Շմիդի գլխավորությամբ: Ավստրիացի հյուրերին ուղեկցում էր <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը: Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Հարություն Քոչարյանը, <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղի տնօրեն Արմինե Ներսիսյանը: Տիկին Շմիդը ներկայացրեց այցի նպատակը, այն է` ծանոթանալ 2013 թվականից մարզում իրականացվող <<Ներառական համայնք>> ծրագրի աշխատանքների ընթացքին, համագործակցության արդյունքներին, հանդիպում ունենալ ծրագրի շահառուների հետ:
Ողջունելով հյուրերին` մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը ներկայացրեց այն ձեռքբերումները, որ ունեցել է մարզը առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաներին առօրյա հասարակական կյանքին ինտեգրելու, նրանց համար կրթական իրավունքի մատչելիություն ապահովելու, հասարակությանը իրազեկելու և նրանց նկատմամբ հասարակության ընկալումը փոխելու ուղղությամբ: Նշենք, որ ներառական կրթության մոդելը Հայաստանի մարզերից առաջինը ներդրվել է Տավուշի մարզում` հաշվի առնելով տեղական իշխանությունների պատրաստակամությունը եւ մի շարք այլ գործոններ, ու այսօր մարզի բոլոր 77 դպրոցներում հաջողությամբ իրականացվում է ներառական կրթությունը:
Տիկին Անդրեա Շմիդը նշեց, որ շատ տպավորված է ներառական ոլորտում մարզում եղած առաջընթացով՝ ուրախալի և կարևոր համարելով այն փաստը, որ այստեղ արդեն նաև զբաղվածության հարց են լուծում:
Տավուշի մարզպետարանից հյուրերը ուղևորվեցին <<Հույսի կամուրջի>> Իջևանի երեխայի զարգացման կենտրոն, հանդիպում ունեցան ծնողների ու երեխաների հետ: