Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործընկեր կողմերը բարեկամությունը խորհրդանշող ծառ տնկեցին

28.04.2014

 Բարեկամ կողմեր հանդիսացող Տավուշի մարզի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի երկրամասի Ռեգենի երկրամասային շրջանի միջև հեռավորությունը 3467 կիլոմետր է: Այդ մասին է վկայում Տավուշի մարզպետարանի հարակից պուրակում գտնվող ցուցանակը, որը ապրիլի 26-ին հանդիսավորությամբ տեղադրեցին գործընկեր շրջանների ներկայացուցիչները: Միջոցառումը տեղի ունեցավ <<Տավուշ-Ռեգեն համագործակցություն. քաղաքների ցանց Հարավային Կովկասում>> նախաձեռնության շրջանակներում: Այդ կապակցությամբ Տավուշի մարզ էր ժամանել Ռեգենի պատվիրակությունը՝ Ռեգենի երկրամասային շրջանի ղեկավարի տեղակալ /փոխմարզպետ/ Վիլլի Քիլլինգերի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Ֆրաուենաու համայնքի ղեկավար, Ազգային պարկի համայնքների խոսնակ-ներկայացուցիչ Հերբերթ Շրայները, Գեյերշթալ համայնքի ղեկավար, միջհամայնքային համագործակցության մենթոր Ալֆոնս Ֆլայշմանը, Դոնաուվալդի /Դանուբի տարածքի/ թափոնների կառավարման միավորման ղեկավար Վիլլի Քյոքայսը, Բավարական և Բավարա-Չեխական անտառների Եվրոռեգիոնի ղեկավարի տեղակալ Դանա Բիսկուպը, Ռեգենի երկրամասային շրջանի` Արբերլանդի Տուրիզմի բաժնի ղեկավար Սուսաննե Վագները և Ռեգենի երկրամասային շրջանի` Արբերլանդի Մեծահասակների դպրոցի ղեկավար Հերբերթ Ուննաշը: Գերմանացի հյուրերին դիմավորեցին ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը: Միջոցառմանը մասնակցում էին համայնքների և համայնքների միությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 Կանաչ ճանապարհ մաղթելով Տավուշ-Ռեգեն համագործակցությանը՝ մարզպետ Արմեն Ղուլարյանը նշեց, որ վստահելի ու արդյունավետ գործընկերային հարաբերություններ են ձևավորվել շուրջ հինգ տարվա բարեկամության արդյունքում ու արդեն իսկ հաջողությամբ ծրագրեր են իրականացվում աղբահանության, մեծահասակների կրթության, տուրիզմի ոլորտներում: Մարզպետը կարևորեց հատկապես այնպիսի տուրիզմի ներդրումը, որը լինի պահանջված ու եվրոպական չափանիշներին համապատասխան:
Օրվա կարևոր մասն էր կազմում հյուրերի կողմից բերված շագանակենու ծառատունկը: Ռեգենի երկրամասային շրջանի անունից ողջունելով ներկաներին՝ պարոն Քիլլինգերը օրը բացառիկ ու պատմական համարեց՝ նշելով, որ իրենց կողմից տեղադրված ցուցանակը թեև 3467 կիլոմետր հեռավորություն է ցույց տալիս Ռեգենից, սակայն բարեկամներին այցելելու համար ճանապարհը երբեք երկար չի լինում: Իսկ օրը լրացվեց նաև նրանով, որ հնարավորություն ունեցավ այստեղ շագանակենու ծառ տնկել, որն իրենց երկրում համարվում է բարեկամության, ընկերության ու հաջողության խորհրդանիշ: Նա նաև հույս հայտնեց, որ Տավուշ-Ռեգեն գործընկերության նման ծառը կաճի ու պտուղներ կտա:
 Բարձր ու արդյունավետ գնահատելով գործընկերային շփումները Ռեգենի երկրամասային շրջանի տեղական իշխանությունների հետ, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը քաղաքի համար հաջողության խորհրդանիշ համարեց բարեկամ երկրից բերված շագանակենին և խոստացավ, որ ծառը շատ լավ կխնամվի, որպեսզի Իջևանը մշտապես լինի հաջողությունների մեջ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18