Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը

22.04.2014

 Ապրիլի 20-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, որը քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական եկեղեցու հնագույն և գլխավոր տոնն է, հինգ տաղավար տոների մեկը: Զատիկը շարժական տոն է, յուրաքանչյուր տարի տոնի օրը փոխվում է: Հայ Առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը: Զատկի օրվան նախորդող շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի Հարության Ճրագալույցի կամ Ճրագալույսի պատարագ: Տավուշի մարզի հավատավոր ժողովրդի համար այս տարվա զատկական Շաբաթը առանձնահատուկ էր, որովհետև Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցած Ճրագալույցի Սբ. Պատարագին ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Պատարագը մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
  Իսկ բուն զատկական Կիրակին բոլոր եկեղեցիներում սկսվեց Ժամերգությամբ, որին հաջորդեց Սուրբ Հարության Պատարագը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանի և Վահե Վարդապետյանի հետ մասնակցեց մարզկենտրոն Իջևանի եկեղեցիներում մատուցված Պատարագին: Սբ. Ամենափրկիչ եկեղեցում կիրակնօրյա տոնական Պատարագի կարգը կատարեց Տեր Թորգոմ քահանա Մարգարյանը, իսկ Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցում՝ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը: Կատարվեց ինչպես Մեղքերի խոստովանության ու թողության, այնպես էլ Անդաստանի կարգ, որով օրհնվեցին աշխարհի չորս կողմերը: Պատարագի ավարտին հավատացյալները ստացան հաղորդություն:
 Տոնական օրը հագեցած էր օրվան համահունչ բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներով: Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցու բակում <<Երիտասարդ Տավուշ>> հասարակական կազմակերպության և <<Վորդ Վիժն>> միջազգային բարեգործական կազմակերպության իջևանյան գրասենյակի համատեղ ուժերով ցուցադրվեց հոգևոր թեմայով տիկնիկային ներկայացում: Իսկ մարզի 13 համայնքների աշակերտական խորհուրդները առանձին սեղանիկներով ներկայացրել էին զատկական քաղցրավենիքների, ուտեստների ու դեկորացիաների իրենց գեղեցիկ ցուցադրությունները: Մարզպետ Արմեն Ղուլարյանը շրջեց ցուցահանդեսով, զրուցեց երեխաների հետ: Ներկայացված աշխատանքներից լավագույնը ճանաչվեց Կոթիի դպրոցականների ցուցադրությունը: Հաղթող թիմի համար մրցանակ էր սահմանված էքսկուրսիա դեպի հոգևոր մայրաքաղաք Էջմիածին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03