Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայ-ադրբեջանական սահմանին կանգնած Չինարիում ծառատունկ էր

22.04.2014

 Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում մեծածավալ ներդրումային ծրագրերի իրականացման համար <<Պատվավոր Տավուշեցի>> կոչման արժանացած Զորայր Կիրակոսյանը, ով նախկինում ղեկավարում էր Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի Տավուշի մարզային գրասենյակի աշխատանքները, այսօր էլ, թեպետ աշխատում է մարզից դուրս, նույն ջանադրությամբ ու ոգևորությամբ շարունակում է իր աջակցությունը մարզի սահմանամերձ համայնքներին: Ապրիլի 20-ին նրա անմիջական նախաձեռնությամբ և «Focus on Children Now» («Ուշադրությունը երեխաներին այսօր») բարեգործական կազմակերպության աջակցությամբ հերթական ծրագիրն իրականացվեց հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Չինարի գյուղում: Գյուղ, որ ուղիղ գծով ընդամենը մի քանի հարյուր մետր է հեռու թշնամու դիրքերից ու որի բնակիչները փոքրից մինչև մեծ հերոսներ են: Համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը դժվարանում է թվարկել այն բոլոր բարեգործությունները, որ կատարվել են ծրագրի կողմից: Գյուղի մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Աղասյանը նշում է, որ հենց միայն գյուղի մանկապարտեզում բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել FCN ծրագրով. վերանորոգվել է մանկապարտեզի շենքը, նախադպրոցական կրթօջախը հագեցվել է անհրաժեշտ գույքով՝ մանկական մահճակալներով, ներքնակներով ու սպիտակեղենի լրակազմով, լվացքի մեքենայով, հիգիենիկ անհրաժեշտ պարագաներով, անհամար խաղալիքներով:
 Բարեգործների հերթական այցի նպատակը գյուղում ծառատունկի կազմակերպումն էր, որի համար նրանք իրենց հետ կանադական բարդու 300 տնկի էին բերել, որից 200-ը տնկվեցին գյուղի մանկապարտեզի բակում, 100-ը՝ դպրոցամերձ տարածքում: Չնայած ոչ աշխատանքային օրվան, ծառատունկին մեծ սիրով ու ոգևորությամբ մասնակցեցին թե մանկապարտեզի աշխատակիցները, սաներն ու նրանց ծնողները և թե գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու նրանց ուսուցիչները: Նրանք բոլորը անչափ կարևորեցին ծառատունկի կազմակերպումը՝ նշելով, որ այն ոչ միայն բարի գործ կատարելու ու բարեկարգման նպատակ ունի, այլև, փակելով թշնամու տեսադաշտը, ծառերը ինչ-որ տեղ կապահովեն նաև երեխաների անվտանգությունը: Միջոցառմանը մասնակցեցին նաև Տավուշի մարզպետարանի պատասխանատուներ, Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի շահառուներ: Նրանցից Հմայակ Ադամյանը, ով ծրագրի միջոցներով Բերդում բժշկական կենտրոն է բացել, որպես կորպորոտիվ պատասխանատվության օրինակ, խոստացավ մանկապարտեզ հաճախող բոլոր 28 երեխաների անվճար հետազոտություն կատարել:
 Գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Գրետա Դալլաքյանն ասաց, որ ծառատունկի նախորդ օրն էլ դպրոցը շաբաթօրյակ է կազմակերպել, որի ընթացքում կատարվել են հուշարձանների ու դպրոցամերձ տարածքների մաքրման ու բարեկարգման աշխատանքներ: Շաբաթօրյակին և ծառատունկի աշխատանքներին լավագույնս մասնակցած 11-րդ և 12-րդ դասարանները համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանի կողմից պարգևատրեցին գովասանագրով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57