Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջևանում հանդիսավորությամբ նշվեց Ոստիկանության օրը

15.04.2014

    Ապրիլի 15-ին Ոստիկանության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել Իջևան քաղաքում: Ներկա էին մարզի ղեկավարությունը` մարզպետ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ, ուժային կառույցների ղեկավարներ, համայնքների ղեկավարներ, հրավիրվածներ: Ոստիկանության պատասխանատուների հետ միջոցառմանը մասնակցում էին նաև վետերաններ, ովքեր իրենց բարեխիղճ աշխատանքով նպաստել են համակարգի կայացմանը: Միջոցառումն սկսվեց հարգանքի տուրքով. ծաղկեպսակ ու ծաղիկներ դրվեցին ոստիկանության մարզային վարչության Իջևանի բաժնի շենքի առջև` զոհված ոստիկանների հիշատակին կանգնեցված հուշարձանին: Զինվորական նվագախմբի նվագակցությամբ այստեղ տեղի ունեցավ նաև հանդիսավոր քայլերթ: Այնուհետև հանդիսության մասնակիցները երթով շարժվեցին քաղաքի Ազատամարտիկների հրապարակ, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրվեցին արդեն Արցախյան ազատամարտում նահատակված հայ քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշարձան-խաչքարին: Տոնական միջոցառումը շարունակվեց քաղաքային մշակույթի տանը, որտեղ տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության 13-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ: Մասնագիտական տոնի առթիվ համակարգի աշխատողներին շնորհավորեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Անդրադառնալով ոստիկանության անցած ուղուն, մարզպետն ասաց. <<Մեր ոստիկանների համար իսկական փորձության ու հայրենիքի արժանավոր զավակի արժանապատիվ պահվածքի ժամանակահատված դարձավ անկախության գործընթացը, երբ հայ միլիցիոներները արեցին ամեն հնարավորն ու անհնարինը մեր ժողովրդի անվտանգությունն ու հասարակական կարգ ու կանոնը պահպանելու համար: Ազատության համար մարտնչող հայոց բանակի հայ քաջորդիների հետ մեծ գոյամարտին զինվորագրվեցին նաև մեր ոստիկանները, որոնք հատկապես սկզբնական շրջանում, երբ դեռ չէր ձևավորվել հայոց բանակը, որպես զենքի տակ գտնվող ու միասնական հրամանով գործող ուժի ներկայացուցիչներ, իրենց անմիջական պարտականությունները կատարելուց բացի իրականացնում էին նաև սահմանապահի պարտականություններ: Նրանցից շատերը զոհվեցին կռվի դաշտում: Հիշենք թեկուզ Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցներին, որոնք դարանակալ գնդակի զոհը դարձան հայրենի հողի պաշտպանի պարտքը կատարելիս: Հավերժ փառք նրանց անմար հիշատակին, իսկ մեր` ապրողներիս հոգու պարտքն է ոչ մի վայրկյան անգամ չմոռանալ մեր նահատակների սխրանքը>>:
   Իր ելույթում անդրադառնալով ոստիկանության ոլորտում արձանագրված բարեփոխումներին, ոստիկանության մարզային վարչության պետ, գնդապետ Արշավիր Գևորգյանը կարևորեց համայնքային ոստիկանության ներդրումը, ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը: Շնորհավորելով համակարգի աշխատողներին մասնագիտական տոնի առթիվ, վարչության պետը մաղթեց նրանց անձնվեր ու արժանապատիվ ծառայություն` հանուն հասարակության, ի շահ քաղաքացու` իր խոսքն ավարտելով ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի կարգախոսով` <<Ծառայելով օրենքին` ծառայում եմ ժողովրդին>>: Այնուհետև ոստիկանության մարզային վարչության պետը մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար գերատեսչական մեդալներ, կրծքանշաններ ու պատվոգրեր հանձնեց ոստիկանության լավագույն աշխատակիցներին ու վետերաններին: Ոստիկանության հետ փոխհամագործակցության, հասարակական կարգ ու կանոնի ապահովմանն աջակցելու համար մի շարք համայնքների ղեկավարներ էլ արժանացան վարչության պետի պատվոգրերի: Ոստիկանության համակարգում երկարամյա անբասիր աշխատանքի, հասարակական կարգի պահպան գործում մատուցած ծառայությունների և մասնագիտական տոնի առթիվ մարզի ոստիկանության 26 վետերաններ էլ արժանացան Տավուշի մարզպետի պատվոգրերի:
  Ոստիկանության օրվան նվիրված տոնական հանդիսությունը եզրափակվեց համերգային ծրագրով ու ոստիկանության օրվան նվիրված տեսաֆիլմի ցուցադրությամբ, որ պատրաստել էին մշակույթի տան աշխատակիցները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56