Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իտալացի գործարարը հետաքրքրված է Տավուշի մարզում ձիթապտղի այգիների հիմնմամբ

11.04.2014

  Ապրիլի 11-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց իտալական <<LaRocca>> ձիթապտղի ընկերության սեփականատեր Անդրեա Դել Ֆերառոյին և ընկերության իրավաբան Ջերմանա Սիլվիին: Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արծրուն Նազարյանը: Իտալացի գործարարը հետաքրքրված էր մարզում ձիթապտղի այգիների հիմնմամբ և առաջին հերթին ուզում էր տեղեկանալ տարածաշրջանի բնակլիմայական պայմանների, հողի կառուցվածքի ու հիմնական հատկանիշների մասին, նաև ուսումնասիրությամբ պարզել, թե ձիթենու որ տեսակն է հարմար մարզում աճեցնելու համար: Նշեց, որ Իտալիայում գոյություն ունի ձիթենու 60 տեսակ, և իրենց նպատակն է Տավուշում աճեցնել իտալական ձիթենի` այն համապատասխանեցնելով տեղի բնակլիմայական պայմաններին: Նաև նշվեց, որ արտադրություն դնելու նպատակով լավագույն վայր ընտրելու դիտարկում են կատարելու: Առնվազն 5 տարի է պետք, ասաց գործարարը, առաջին բերքն ստանալու համար, իսկ մինչ այդ արտադրության համար հումքը կներկրվի Իտալիայից:
  Մարզպետ Արմեն Ղուլարյանը նշեց, որ դեռևս 1968 թվականին Նոյեմբերյանի տարածաշրջանում, Բագրատաշենի տարածքում, որտեղ կլիման մեղմ արևադարձային է, 105 հեկտարի վրա ձիթենու այգիներ են հիմնվել, իսկ 80-ականների սկզբից դրանք ամբողջությամբ բերքի տակ են մտել: Հիմնականում չորս տեսակի ձիթենիներ են աճեցվել` բերված Ղրիմից: Էներգետիկ ճգնաժամի տարիներին, չջրվելու հետևանքով, այգիները վնասվեցին: Վերջին տարիներին, սակայն, նորից մեծացել է հետաքրքրությունը ձիթենու այգիների հանդեպ և փորձեր են արվում դրանց վերականգնման ուղղությամբ: Ներկայումս հին այգիներից վարձակալությամբ տրամադրված են անհատ գյուղացիների: Մարզպետը ներկայացրեց առաջարկներ ոռոգման հնարավորությունների, ձիթենու հնարավոր տեսակների վերաբերյալ, որոնք կարող են աճել ոչ միայն ցածրադիր գոտիներում, այլև ծովի մակերևույթից մինչև 700 մետր բարձրության վրա: Անդրեա Դել Ֆերառոն նշեց, որ իրենց այգիների մեծ մասը գտնվում է մինչև 750 մետր բարձրության վրա, և այնտեղ ձիթենու այնպիսի տեսակներ են աճեցվում, որոնք կարող են ընտելանալ նաև Տավուշում: Կարևորը տվյալ տեղանքի համար ճիշտ տեսակի ընտրությունն է: Ինչ վերաբերում է արտադրությանը, մարզպետը նպատակային համարեց Նոյեմբերյանի տարածաշրջանի դիտարկումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածաշրջանում առկա են այգեգործների ու պահածոյագործների մասնագետ կադրեր:
  Տավուշի մարզպետարանից հյուրերը ուղևորվեցին Բագրատաշեն` տեղում ծանոթանալու առկա պայմաններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11