Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հեքիաթի փառատոն` նվիրված Մայրության ու գեղեցկության տոնին
09.04.2014
Ապրիլի 7-ին Իջևանի ՍՕՍ մանկական գյուղում կրկնակի տոն էր: Միջոցառումների դահլիճը զարդարված էր հեքիաթային կերպարներով, իսկ ՍՕՍ ընտանիքներից յուրաքանչյուրը գեղեցկության և մայրության տոնի առթիվ պատրաստել էր մեկ հեքիաթի բեմականացում: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչը, մանկական գյուղի աշխատակազմը, ինչպես նաև ՍՕՍ երեխաների կենսաբանական ծնողները:
Ընդհանուր առմամբ հանդիսատեսը ականատես եղավ 12 տարբեր հեքիաթների բեմականացման, որոնցից յուրաքանչյուրում կատարվել էին փոփոխություններ ու իմպրովիզացիաներ` համահունչ ՍՕՍ-ընտանիքի երեխաների խաղային ունակություններին: Երեխաները ներկայացրին ոչ միայն հայտնի հեքիաթներ, այլև հանդես եկան իրենց ստեղծագործություններով և հորինած հեքիաթներով: Հեքիաթների բեմականացումներից զատ ՍՕՍ-ի երեխաները ներկաներին զարմացրին նաև երգերի ու պարային համարների իրենց գեղեցիկ կատարումներով:
Միջոցառման վերջում երեխաները բոլոր մայրերին նվիրեցին վարդեր, իսկ ՍՕՍ ընտանիքներին հանձնվեցին պատվոգրեր` ստեղծագործական մտքով և դերասանական խաղով հանդես գալու, ինչպես նաև լավագույն ներկայացման և մասնակցության համար: Ամենավերջում հեքիաթային ու տոնական բարձր տրամադրությունն ամբողջացվեց Իջևանի քաղաքացի Անժելա Սայադյանի կողմից երեխաների համար ուղարկված գունավոր ու ժպտացող փուչիկներով: