Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

05.04.2014

  Այսօր՝ ապրիլի 5-ին, աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ Նախագահն այցելել է մարզի մի շարք սահմանամերձ համայնքներ, ծանոթացել տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքին ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին, համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատուներին: Աշխատանքային այցը Նախագահն սկսել է Բերդ քաղաքից, որտեղ այցելել է պետբյուջեից հատկացված և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով ամբողջությամբ հիմնանորոգված թիվ 2 մսուր-մանկապարտեզ, ծանոթացել իրականացված աշխատանքներին ու փոքրիկների համար ստեղծված պայմաններին: Սերժ Սարգսյանն այցելել է նաև Մայր Աթոռի հետ բարերարների աջակցությամբ Բերդում կառուցվող Սբ. Գևորգ եկեղեցու շինհրապարակ: Նախագահին զեկուցվել է, որ եկեղեցու շինարարությունը, որն սկսվել է 2012 թվականի ապրիլից, կավարտվի ընթացիկ տարվա առաջին կիսամյակի վերջին: Այստեղ Նախագահը նաև հանդիպել ու զրուցել է համայնքի բնակիչների հետ: Հանրապետության Նախագահը ծանոթացել է Բերդի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման և արդիականացման աշխատանքների ընթացքին ևս: ՀՀ կառավարության որոշմամբ Տավուշի մարզի «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բոլոր հիվանդանոցային ծառայությունները` ներառյալ ինֆեկցիոն և լաբորատոր–ախտորոշիչ, կտեղակայվեն բժշկական կենտրոնի երկու մասնաշենքերում: Նախագահին ներկայացվել է, որ ներկայումս ավարտվել են պոլիկլինիկական և հիմնական մասնաշենքերի տանիքի ծածկի, պատուհանների և դռների տեղադրման աշխատանքները, ընթացքի մեջ է ներքին հարդարումը, ինչպես նաև ինժեներական ենթակառուցվածքների և կոմունիկացիաների անցկացումը: Ավարտին են մոտենում կցակառույցի վերջին հարկի ծածկի բետոնացումն ու նոր կաթսայատան կառուցումը: Սահմանամերձ Պառավաքար համայնքում Նախագահ Սերժ Սարգսյանը նախ ծանոթացել է կառուցվող 3.2 կմ ընդհանուր երկարությամբ Պառավաքար-Վազաշեն ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին: Նախագահին զեկուցվել է, որ ապրիլի 1-ի դրությամբ 2.9 կմ հատվածում կատարվել են հողային պաստառի, ջրահեռացման համակարգի, պաշտպանիչ հենապատի կառուցման աշխատանքներ: Ապրիլի կեսից, անհրաժեշտության դեպքում, անավարտ ճանապարհով հնարավոր կլինի ապահովել սահմանափակ երթևեկություն: Ճանապարհի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է ընթացիկ տարվա հունիսի վերջին: Երկրի Գերագույն գլխավոր հրամանատարն այցելել է նաև Պառավաքարի գումարտակ, եղել առաջին գծում, շփվել զինծառայողների հետ:
 Սերժ Սարգսյանն այցելել է նաև Պառավաքարի վերակառուցված համայնքային կենտրոն: Համայնքի մշակութային կենտրոնի հրապարակում Նախագահը ծաղիկներ է դրել զոհված ազատամարտիկներին նվիրված խաչքարին: Այստեղ հավաքված Պառավաքարի, Վարագավանի և Վերին Ծաղկավանի բնակիչների ներկայությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գերատեսչական պարգևներ է հանձնել զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին և մի շարք ազատամարտիկների:
 Աշխատանքային այցի շրջանակներում Նախագահը եղել է նաև Ներքին Կարմիրաղբյուր համայնքում, որտեղ նախ ծաղիկներ է դրել Մեծ Հայրենականում զոհված ու անհայտ կորած մարտիկների հիշատակին նվիրված հուշարձանին, այնուհետև ներկա է գտնվել նորակառույց համայնքային կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնը կառուցվել է 1992-ին հրետակոծված և ամբողջությամբ այրված նախկին երկհարկանի վարչական շենքի տեղում: Շենքի կառուցման աշխատանքներն սկսվել են 2012թ. նոյեմբերին և ավարտվել 2013 թվականի տարեվերջին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 124.8 մլն. դրամ:
 Տավուշ համայնքում Սերժ Սարգսյանը կարճատև կանգառ է ունեցել և հանդիպել խաղողագործների հետ: Հանդիպմանը մասնակցող համապատասխան պետական պաշտոնյաների և համայնքի ղեկավարի ներկայությամբ Նախագահը քննարկել է ոռոգման համակարգի խնդիրներն ու տարածաշրջանում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի ընթացքը:
 Սահմանամերձ մեկ այլ գյուղական բնակավայրում՝ Նավուրում, Նախագահը ծանոթացել է Բերդ-Իծաքար-Գանձաքար-Իջևան ավտոճանապարհի կառուցման տարբերակներին:

Լուսանկարները՝ www.president.am
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 14:46:06