Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ֆրանսիացի բարեկամների հետ քննարկվեց <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը
03.04.2014
Ապրիլի 2-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց Ֆրանսիայի Հայկական Հիմնադրամի տնօրեն Սուրեն Գևորգյանի գլխավորած աշխատանքային խմբին, որի կազմում էին Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգի Գլխավոր խորհրդի աշխատակից Նոյեմի Կերե Բոնվարլեն, Վալանսի քաղաքապետարանի Ապակենտրոնացված ծրագրի շրջանակներում ծրագրի պատասխանատու Ռաշել Նոդեն և Լուսաձորի համալիրում աշխատող կամավորներ Կարպիս Դյուվալ-Քոդձամանյանն ու Մարիան Ռալյուն: Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, ֆրանսիական կողմից ֆինանսավորվող <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի փոխտնօրեն Ռոբերտ Նավասարդյանը: Քննարկվեցին մարզում հիմնադրամի կատարած ու ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև առաջիկա ծրագրերն ու անելիքները:
Նոյեմի Կերե Բոնվարլեն տեղեկացրեց, որ ապրիլի 2-ից արդեն մեկնարկել են Ֆրանսիայի Օ-Դը-Սեն նահանգի ֆինանսավորմամբ Լուսաձորի անասնապահական համալիրին կից կառուցված ուսումնական կենտրոնի աշխատանքները: Այստեղ կազմակերպված առաջին դասընթացին մասնակցել են Իջևանի տարածաշրջանի անասնաբույժները: Ներկա է եղել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության և անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Անասնաբույժներին հետաքրքրող հարցերով ու արված առաջարկներով կազմվել են հարցաշարեր և ժամանակացույց մարզի մյուս տարածաշրջանների համար ևս դասընթացներ անցկացնելու նպատակով: Ուսումնական կենտրոնում դասընթացներ կկազմակերպվեն նաև գյուղատնտեսական այլ մասնագիտությունների գծով, ինչպես նաև ֆերմերների համար:
Խոսելով հայ-ֆրանսիական գործընկերության արդյունավետության մասին` մարզպետ Արմեն Ղուլարյանը նախ անդրադարձավ այն կոնկրետ ձեռքբերումներին, որոնք առկա են մարզում ֆրանսիացի բարեկամների շնորհիվ` Ֆրանսիայից բերված կաթնատու կովերի բուծում Լուսաձորի ֆերմայում, Ֆրանսիայից ներկրված բույսերի տնկարանի ստեղծում, ագրոբազաների ստեղծում ու համալրում, որը գյուղացուն թույլ կտա վարձակալել սարքավորումներ, այնուհետև ներկայացրեց ընթացիկ աշխատանքները: Նշվեց, որ Դիտավանի հատվածում արդեն սկսվել են 3 հա պտղատու այգիների /արքայանարինջ, նուռ, թուզ) հիմնման աշխատանքները, որոնք հետագայում կնվիրաբերվեն դրանց շահառուներին: Իսկ սահմանամերձ տարածքի 6 համայնքի բնակչության արդեն 3500 տնկի է բաժանվել: Նշվեց նաև, որ մարզում լավ քննություն է բռնել եգիպտացորենի մշակությունը և կերի բազա ունենալու համար նախատեսվել է Այգեհովտի վաչական տարածքում 30 հա եգիպտացորենի ցանք անել: Արդեն ընթացքի մեջ են վարի աշխատանքները: Խոսելով անասնապահության ոլորտի զարգացման հնարավորություններից՝ մարզպետն առաջնային համարեց անասնաշուկայի ու սպանդանոցի ստեղծումը, որին զուգահեռ կդրվի նաև մսի, կաշվի ու կաթի վերամշակման արտադրություն՝ իր հետ բերելով նոր աշխատատեղեր:
Ռաշել Նոդեն ներկայացրեց այն ուղղությունները, որով կարող են համագործակցել <<ՀիմնաՏավուշի>> հետ: Դրանք են գյուղատնտեսությունը, մասնավորապես թռչնաբուծությունը, կրթությունը, ինչպես նաև զբոսաշրջությունը: Մարզպետ Արմեն Ղուլարյանը նշեց, որ Օ-Դը-Սենի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում տուրիզմի թեման իր հատուկ տեղն է ունեցել և առաջարկվել է, որ տուրիզմը առանձնահատուկ բաղադրիչ դառնա: Նաև ընդգծեց, որ Վալանս-Իջևան կապը պատմություն ունի ու առաջարկեց այդ կապն էլ ավելի զարգացնել, ակտիվացնել հատկապես ընտանեկան տուրիզմը:
Հանդիպմանը քննարկվեցին նաև 2014թ. կատարվելիք աշխատանքները: Նշվեց, որ ընթացիկ տարում նախատեսվում է ևս 4 մինի ֆերմայի կառուցում, որոնք կկառուցվեն Բարեկամավան, Արծվաբերդ, Գոշ և Գանձաքար համայնքներում: Ռոբերտ Նավասարդյանը տեղեկացրեց, որ նշված բոլոր գյուղերն ուսումնասիրվել են, և բոլոր պայմաններն առկա են աշխատանքներն սկսելու համար:
Հանդիպման վերջում կամավորներ Կարպիս Դյուվալ-Քոդձամանյանն ու Մարիան Ռալյուն տավուշյան իրենց տպավորությունները կիսեցին ներկաների հետ: