Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին ոստիկանություն-հասարակություն փոխհամագործակցության ակտիվացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցեր

01.04.2014

   Տավուշի մարզի համայնքներում առկա խնդիրների քննարկմանն ու դրանց լուծմանը, ինչպես նաև ոստիկանություն-հասարակություն փոխհամագործակցության ակտիվացմանն ու ամրապնդմանն էր ուղղված ոստիկանության Տավուշի մարզային վարչության ու Տավուշի մարզպետարանի համատեղ ուժերով ապրիլի 1-ին Տավուշի մարզպետարանում կազմակերպված հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին ոստիկանության ու մարզպետարանի պատասխանատու աշխատողներ, քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարներ: Խորհրդակցությունը բացեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:
    Ոստիկանության մարզային վարչության պետ, գնդապետ Արշավիր Գևորգյանը նշեց, որ Տավուշը որպես սահմանամերձ մարզ յուրահատուկ մարզ է և առավել աչալրջություն ու զգոնություն է պահանջվում ոստիկանից, հատկապես ուշադրության մեծ կարիք ունեն դպրոցները, մանկապարտեզները: Խոսելով հասարակակական կարգ ու կանոնի, հասարակության անվտանգության պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքներից` վարչության պետը նշեց, որ մեծ արդյունքների հասնելու համար պետք է համատեղ աշխատանք, ու այդ աշխատանքը պետք է սկսել փոքր գործերից, ուշադրության կենտրոնում պահել բնակչության սոցիալական խնդիրները: Իսկ ոստիկանության և համայնքի միջև համագործակցությունը սերտացնելու, ոստիկանության հանդեպ բնակչության վստահությունն ամրապնդելու և հանցագործությունների կանխարգելման միջոցառումներն առավել արդյունավետ դարձնելու գործում շատ կարևոր համարեց ինչպես համայնքային ոստիկանության ստեղծումը, այնպես էլ իրավախախտումների հանդեպ քաղաքացիական վերաբերմունքի դրսևորումը, որին հասնել կարելի է միայն թափանցիկ աշխատանքի, հասարակության վստահության ու ակտիվ համագործակցության միջոցով: Այնուհետև ակտիվ քննարկում ծավալվեց թեմային առնչվող հարցերի շուրջ: Բարձրացվեցին համայնքային հարցեր, քաղաքային տնտեսությանը վերաբերող խնդիրներ, արվեցին առաջարկություններ: Առանձնակի կարևորվեց Իջևան քաղաքի ամենաբանուկ փողոցներում` մասնավորապես Անկախության, Վասիլյան, Ուսանողական, Աբովյան, քաղաքացիների անվտանգ երթևեկության ապահովմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը: Բարձրացված մի շարք հարցերի վերաբերյալ մարզային վարչության պետը հենց տեղում կոնկրետ հանձնարարականներ տվեց ոստիկանության մարզային վարչության պետի` ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Ավետիսյանին և ոստիկանության մարզային վարչության Իջևանի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Ազիբեկյանին:
   Ամփոփելով խորհրդակցություն-քննարկումը` մարզպետ Արմեն Ղուլարյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության մարզային վարչության պետին, ոստիկանության աշխատակիցներին համագործակցության համար, կարևորեց նման հանդիպումների կազմակերպումը և առաջարկեց նմանատիպ հանդիպումներ ունենալ նաև համայնքներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 12:45:15